Մատչելիության հղումներ

Նախարարը տուրիզմի եւ հանքարդյունաբերության միջեւ հակասություն չի տեսնում


Պոչամբար Ախթալայում, Լոռու մարզ
Պոչամբար Ախթալայում, Լոռու մարզ
Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արձագանքնելով բնապահպանների բարձրաձայնած անհանգստությանը, թե շահագործվող հանքերը բնապահպանական խնդիրներ առաջացնելուց բացի նաեւ խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը, ասաց թե խնդիրը երկու ոլորների ճիշտ կազմակերպման մեջ է:

«Կարծում եմ` հակասություն տուրիզմի եւ հանքարդյունաբերության կամ տնտեսության այլ ոլորտների միջեւ ընդհանրապես չկա, եւ ցանկացած երկրում եւ ցանկացած տեղ հնարավոր է համատեղել տարբեր ոլորտների զարգացումը: Ամբողջ խնդիրն այն է, որ դա պետք է անել ճիշտ կազմակերպչական ձեւով: Եթե աշխատանքները եւ բնապահպանական նորմերը հստակ եւ ճիշտ պահպանվում են, ապա կարելի է տարբեր ոլորտների գործունեությունը, նույնիսկ փոքր տարածաշրջանում կազմակերպել», - ասաց նախարարը` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ:

Վերջերս մամլո ասուլիսի ժամանակ բնապահպան, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը, հիշեցնելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է որպես տնտեսության զարգացման կարեւոր ուղղություններից մեկը, հայտարարել էր, թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը «իջեցնում է» Հայաստանի տուրիստական գրավչությունը: Անդրադառնալով, մասնավորապես, Տաթեւի վանական համալիրից ոչ հեռու գտնվող Սվարանց գյուղի մոտ երկաթահանքի շահագործման հարցին, Դանիելյանը ասել էր, թե հնարավոր չէ տուրիզմ զարգացնել «շրջակա միջավայրի այս իրավիճակով»:

Օտարերկրյա կազմակերպություններին զբոսաշրջության հարցով խորհրդատվություն մատուցող Արմեն Շահբազյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե, օրինակ, Կանադայում մինչեւ հանքի շահագործմումը սկսելը գործարարը պետք է տվյալ վայրի լանդշաֆտի վերականգնման ծախսերի առնվազն 70 տոկոսը «ռեզերվ անի բանկում, որին իրավունք չունի ձեռք տալ»:

«Մեզ մոտ այդպիսի բան չկա: Մեզ մոտ կան օրենքով սահմանված նորմեր, որոնք պարտավորեցնում են վերականգնել բնությանը պատճառած վնասը: Այդ վնասը երբեւիցե, որեւիցե երկրում ամբողջովին չի ստացվում վերականգնել», - ասաց Շահբազյանը` հավելելով, որ, օրինակ, արկածային տուրիզմի զարգացման հսկայական ռեսուրս ունեցող Սյունիքի մարզի շրջակա միջավայրը խիստ աղտոտված է:

Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարը, խոսելով զբոսաշրջության զարգացման մասին, ասաց, թե կառավարությունը իր ուշադրության կենտրոնում է պահում ենթակառուցվածքների զարգացումը, որը կարեւոր է ոչ միայն զբոսաշրջության, այլեւ` ողջ տնտեսության զարգացման համար:

Տիգրան Դավթյանի խոսքով, այս տարվա բյուջեով մոտ 152 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր են նախատեսված, որոնց գերակշիռ մասը ուղղվելու է ենթակառուցվածքների զարգացմանը, բացի այդ կան նաեւ մասնավոր ներդրումներ: Օրինակ, նման ներդրումների արդյունքում արդեն այս սեպտեմբերին, ըստ նախարարի, «Զվարթնոց» օդանավակայանը կդառնա «միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օդանավակայանային համալիր»:
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG