Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներ. «Մնացյալ տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն Հիմնարար սկզբունքների ընդունմանը»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը այսօր հայտարարություն են տարածել, որում փաստել են` «չնայած կողմերը Կազանում վերջնական համաձայնություն ձեռք չբերեցին Հիմնարար սկզբունքների վերաբերյալ, առաջընթաց գրանցվեց»:

ԵԱՀԿ-ի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հուլիսի 4-ին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեի հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Համանախագահները ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել են հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, եւ քննարկել են առաջիկա քայլերը:

Գնահատելով հունիսի 24-ի եռակողմ հանդիպումը` համանախագահները փաստել են. - «Չնայած կողմերը Կազանում վերջնական համաձայնություն ձեռք չբերեցին Հիմնարար սկզբունքների վերաբերյալ, առաջընթաց գրանցվեց: Կազանի հանդիպման արդյունքը, այդ թվում այն, որ կողմերը վերահաստատեցին բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու պատրաստակամությունը, ստեղծում է նախադրյալներ, որոնք կողմերը պետք է օգտագործեն հնարավորին չափ շուտ Սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար»:

«Կողմերի միջեւ մնացյալ տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն Հիմնարար սկզբունքների ընդունմանը եւ խաղաղ գործընթացի` պայմանագրի մշակման փուլին անցմանը», - նաեւ նշել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` հավելելով. - «Ինչպես նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման նկատել են Դովիլում մայիսի 26-ին ընդունած միացյալ հայտարարությունում, հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության»:

Համանախագահները նաեւ հայտարարել են, որ մոտ ապագայում նախատեսում են խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում եւ այցելել տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG