Մատչելիության հղումներ

logo-print

Իշխանությունն ու ընդդիմությունը «տարբեր կերպ են ընկալում երկխոսությունը»


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ներկայացմամբ` Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր կերպ են ընկալում երկխոսություն ասվածը:

«Մենք պատրաստ ենք երկխոսել, մինչդեռ նրանք [ՀԱԿ-ը] ցանկանում են բանակցել», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ձեւակերպեց Սահակյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում Կոնգրեսի` մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում կայացնելու պահանջը, որը հնչել է վերջին հանրահավաքում եւ որի չկատարման դեպքում ՀԱԿ-ը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀԿ-ի փոխնախագահը հեգնանքով արձագանքեց. - «Վախեցած լռում ենք` մտածելով, որ հեսա գալու են եւ չգիտեմ ինչեր են անելու: Երրորդ տարին է անընդհատ` նախապայմաններ են դնում, ասում են` հեսա գալիս ենք, արդեն էլ պայման չկա, հրաժարականը ընդունելու ենք: Մենք էլ ահաբեկված ասում ենք` մի փոքր էլ համբերեք, մենք մեզ լավ կպահենք… Ծիծաղելի է»:

Նրա ձեւակերպմամբ` ՀԱԿ-ին սատարող «զանգվածը նոսրանում է». - «Նոր զանգվածի խնդիր ունի, իսկ նոր զանգված հավաքելու համար ժամանակը չի բավարարի, որովհետեւ էական ֆորմատներ պիտի փոխվի»:

Իսկ ֆորմատի փոփոխությունը, ըստ Սահակյանի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ «ՀԱԿ-ից այսօր հեռանում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաեւ ղեկավար, ավելի ակտիվ կազմի մարդիկ». - «Չասեմ ղեկավար, որովհետեւ ՀԱԿ-ը միայն առաջնորդ ունի, այնտեղ, երկրորդ, երրորդ, չորրորդ, տասներորդ դեմքեր չկան»:

Արտահերթ ընտրությունների մասին Սահակյանը ասաց, թե դա «չարիք է ցանկացած պետության համար»: Նա հայտարարեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ, որպեսզի առաջիկա համապետական ընտրություններն «անցնեն ավելի լավ մթնոլորտում»:

Այստեղ նա հարմար գտավ զուգահեռներ տանել 1996 թվականի իրադարձությունների հետ. - «Եթե 96 թվականին նորից արտահերթի խնդիրներ չբացվեր, մեր երկիրը ահագին առաջ կգնար: Այսինքն` այսօրվա ՀԱԿ-ականները, չեմ ասում ՀՀՇ-ականները, եթե կարողանային պետության գործիքը օգտագործել այնպես, որ արտահերթ ընտրության հարց չլիներ, կարծում ենք, մենք ավելի առաջ անցած կլինեինք»:

1996 թվականին հաջորդած շրջանում, հիշեցնենք, արտահերթ նախագահական ընտրություններ տեղի ունեցան 1998-ին` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ինչի արդյունքում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG