Մատչելիության հղումներ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

«Սահմանադրության ընդունման եւ դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել: Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է», - ասված է Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը: Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել: Այսօր մենք մեր քայլերով, մեր հետեւողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը», - իր ուղերձում գրում է Հայաստանի նախագահը` ընդգծելով. - «Մեր քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն եւ հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլեւ կյանքի նորմ: Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան ե'ւ իշխանությունների քաղաքական կամքը, ե'ւ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը»:

«Մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների եւ ազատությունների այն լայն դաշտը, որն ինքներս ենք նախանշել մեր իսկ ընտրությամբ», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Գործող Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով: 2005 թվականին, կրկին հանրաքվեով, այն փոփոխվել եւ լրացվել է:

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով մասնագիտությամբ սահմանադրագետ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Իր բոլոր քննադատություններով հանդերձ` դեռեւս 95 թվականի Սահմանադրությունը կարողացավ ամրագրել այն իրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մեր կառավարման համակարգում: Մենք սովետական տիպի պետությունից մինչեւ 95 թվականը մեր օրենքներով անցում էինք կատարում, բայց դրանց մարմնավորումն ու ամբողջականացումը տեղի ունեցավ 95 թվականի Սահմանադրությամբ, երբ Սահմանադրության մակարդակում ամրագրվեցին այնպիսի սկզբունքներ` պետության կառավարման, պետության կառուցման, պետության հիմքում դրված, ինչպիսին է` իրավական պետությունը, սոցիալական պետությունը, ժողովրդավարական պետությունը: Այսինքն, այս առումով Սահմանադրությունը իր դերը կատարեց դեռեւս 95 թվականին»:

«Բայց, այնուամենայնիվ, պետականության բացակայությունը, սահմանադրագիտության այն մակարդակը, այն աստիճանը, որ կար, իրենց հետքը թողեցին 95 թվականի Սահմանադրության վրա, որոնք հնարավոր եղավ փոխել տասը հետո միայն` հաշվի առնելով արդեն իսկ սեփական փորձը եւ հաշվի առնելով այն զարգացման միտումներն ու այն սխալները, բացերը, որոնք նախընթաց տարիներին եղել են, 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները կարողացան որոշակի շտկումներ, ուղղումներ մտցնել դրանում», - նշեց Հրայր Թովմասյանը:

«Այս փոփոխություններով, մասնավորապես, շարքային քաղաքացիներին եւս հնարավորություն է տրվում դիմել Սահմանադրական դատարան: Սա, ըստ Ձեզ, առաջընթա՞ց քայլ էր», - այս հարցին արդարադատության նախարարը արձագանքեց. - «Դա առաջընթաց քայլերից մեկն էր, որովհետեւ նախընթաց տարիներին` 96 թվականից սկսած, երբ սկսեց գործել Սահմանադրական դատարանը, ընդամենը երեք թե չորս օրենքների սահմանադրականություն էր քննել մինչեւ 2005 թվականը, իսկ այս կարճ ժամանակահատվածում դրանց թիվը արդեն 100-ից անցնում է, իսկ դիմող սուբյեկտները բավականին մեծ են, եւ յուրաքանչյուր սովորական քաղաքացի կարող է զգալ Սահմանադրական դատարանի դերը որպես Սահմանադրության պահապանի»:

2005 թվականի սահմանադրական փոփոխությունները, Հրայր Թովմասյանի խոսքերով, կարելի է բաժանել մի քանի խմբի:

Առաջին, ըստ նրա, «էականորեն ընդլայնվել է մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների շրջանակը, եւ դրանք, ըստ էության, գրեթե ամբողջությամբ համապատասխանեցվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»:

Երկրորդ` «իշխանության համակարգում անձնակենտրոն համակարգից դեպի հավասարակշռված զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների բազմակողմ համակարգ անցումն է, որի դրսեւորումներն էին այնպիսի ինստիտուտներ, ինչպիսին են նախագահի կողմից պառլամենտը արձակելու բացարձակ իրավունքի վերացումը, նախագահի կողմից Արդարադատության խորհուրդը ղեկավարելը, կառավարության նիստեր հրավիրելը եւ վարելը, կառավարության բոլոր որոշումները ստորագրելը»: «Այս լիազորությունները այլեւս չկան, եւ ի հակակշիռ սրանց` էականորեն մեծացավ կառավարության եւ Ազգային ժողովի դերը: Այսինքն, այս փոփոխությունները եւս պետք է դիտարկել որպես դրական փոփոխություն», - ընդգծեց Թովմասյանը:

«Եվ վերջապես, եթե փորձենք այդ շարքը շարունակել, արդեն տեղական ինքնակառավարման մակարդակում առկա փոփոխություններն էին, որի արդյունքում Երեւանը այսօր ունի ե'ւ իր ավագանին, ե'ւ ունի իր միասնական ընտրված քաղաքապետը», - ամփոփեց արդարադատության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG