Մատչելիության հղումներ

Ջեմիլ Չիչեքը` Թուրքիայի խորհրդարանի նոր խոսնակ


Ջեմիլ Չիչեք, արխիվային լուսանկար

Ջեմիլ Չիչեք, արխիվային լուսանկար

Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորները խոսնակի պաշտոնում ընտրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու, նախկին փոխվարչապետ եւ նախկին արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքին:

Ընտրությունների երրորդ փուլում Չիչեքին աջակցել են 550-տեղանոց խորհրդարանի 322 պատգամավորներ:

«Արդարություն եւ զարգացում»-ը հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային մեծ ժողովում ապահովել է պարզ մեծամասնություն` 327 տեղ:

Նորընտիր խորհրդարանում 135 տեղ շահած հիմնական ընդդիմադիր` Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները երեկ ներկա են եղել դահլիճում, սակայն քվեարկելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ հրաժարվում են ստանալ մանդատները:

Ընդդիմադիր մեկ այլ ուժ` 35 քվե ապահոված «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, որը քրդերի շահերն է ներկայացնում, ընդհանրապես դահլիճում չի եղել:

Երկու կուսակցությունները վիճարկում են իրենց 8 թեկնածուներին ազատ չարձակելու մասին դատարանների որոշումները եւ ի նշան բողոքի բոյկոտում են Ազգային մեծ ժողովի աշխատանքը:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ բարկացած հայտարարել է, թե ընդդիմությունն իր մեջ պետք է որոնի 8 թեկնածուների բանտարկության պատճառները:

«Մենք թույլ չենք տա փոքրամասնությանը իր կամքը պարտադրել մեծամասնությանը: Կտեսնեք` իրենք առաջինն են ափսոսալու իրենց բոյկոտի համար», - ասել է Էրդողանը:

Ընդդիմադիր եւս մեկ կազմակերպություն` Ազգային գործողության կուսակցությունը ունի 52 տեղ եւ չի բոյկոտում նիստերը, թեպետ իր պատգամավորներից մեկը նույնպես բանտում է:

Խոսնակ ընտրվելուց հետո Ջեմիլ Չիչեքը առաջին հարցազրույցը տվել է Zaman-ի թղթակցին։ Նա ասել է, թե խորհրդարանի առջեւ հիմա մեկ հիմնական խնդիր է` մշակել եւ ժողովրդի դատին ներկայացնել նոր սահմանադրություն:

«Մեզ ընձեռվել է Թուրքիային արդիական սահմանադրություն տալու բացառիկ հնարավորություն», - ասել է Չիչեքը եւ ավելացրել. - «Այսօր մենք ունենք մի սահմանադրություն, որը բոլորը քննադատում են, սակայն այն մնում է ուժի մեջ: Բավ է, մենք պետք է մոռանանք անցյալն ու կազմենք նոր` քաղաքացիական սահմանադրություն, որի հիմքում կլինեն հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:

Թուրքական մամուլը հայտնում է, որ Ջեմիլ Չիչեքը ծնվել է 1946 թվականին աղքատ գյուղացու ընտանիքում: Իրենց թշվառ խրճիթում լույս չի եղել, եւ Չիչեքը տառաճանաչ է դարձել` դասերը սովորելով գյուղի փողոցի միակ լամպի լույսի ներքո:

Հայրը` Հաջի Ահմեթը, ամեն կերպ աջակցել է կրթություն ստանալու` իր զավակի ցանկությանը եւ դպրոցների, ապա տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների գերազանցիկի վկայականները նրա համար եղել են որդուց ստացած լավագույն նվերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG