Մատչելիության հղումներ

Արարատում եւ Արտաշատում քաղաքապետի ընտրություններում հաղթել են ՀՀԿ-ի թեկնածուները


Արարատ քաղաքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է իշխող Հանրապետական կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, Արարատի 12 հազար 800 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 5600-ը, որոնցից 5200-ը իրենց ձայնը տվել են գործող քաղաքապետին:

Ընտրությունները բոյկոտած նախկին հանրապետական Հակոբ Թովմասյանի օգտին քվեարկել է 230 ընտրող:

Քվեարկությունից մի ժամ առաջ ինքնաբացարկ ներկայացրած Թովմասյանը տեղի ունեցածը ոչ թե ընտրություն, այլ «օծման արարողություն» է որակում:

Հակոբ Թովմասյանը, ով Արարատի քաղաքապետն է եղել 2001-2007 թվականներին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը պնդեց, որ քվեարկությանը մասնակցած անձանց թիվը ուռճացվել է` իրականում ընտրություններին մասնակցել է ընդամենը 2500 մարդ: Նրա պնդմամբ` Արարատ քաղաքի 12 հազար 800 ընտրողներից 7 հազարը այսօր հանրապետությունում չեն:

«Ես կարող եմ ապացուցել, որ այս ընտրություններին մասնակցել է մաքսիմում 2500 մարդ», - հայտարարեց նա:

Պատճառաբանելով ինքնաբացարկ հայտնելու մասին իր որոշումը` Թովմասյանը ասաց, թե ինքը գիտեր, որ գործող քաղաքապետը «ցուցադրաբար լցոնումներ» էր անելու, իսկ իր կողմնակիցները փորձելու էին դա կանխել, ինչը հանգեցնելու էր բախումների. - «Ես մեղքի տակ չէի ուզում ընկնել»:

Աբրահամ Բաբայանի նախընտրական շտաբի պետ Իլյիչ Շադյանը, մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց լցոնումները` հավելելով. - «Նման ընտրություններ երեւի ոչ մի անգամ ոչ մի տեղ չի կայացել… Դուք կարող ոչ միայն ինձ խոսեցնել, այլեւ Արարատ քաղաքի ցանկացած բնակչի: Մարդիկ հաճույքով գնացել են ընտրության»:

Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Արարատի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չեն ստացել:

Որեւէ բողոք չի ստացվել նաեւ երեկ Արտաշատում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբեյալ: Արտաշատում եւս, ըստ նախնական տվյալների, ջախջախիչ հաղթանակ է տարել ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Մուրադյանը` ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողների 95 տոկոսի ձայները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG