Մատչելիության հղումներ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով, կազանյան հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի քայլը` գրավոր ներկայացնել ղարաբաղյան հակամարտության մասին իր տեսլականը, կարող է վկայել, որ ղարաբաղյան բանակցություններում ներգրավված տերությունները փորձում են ձեւավորել նոր դիրքորոշումներ:

Հիշեցնենք` հուլիսի 1-ին Կիեւում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարեց. - «Ռուսաստանի նախագահը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են իրենց մտադրությունը` հետագայում եւս ավելացնել ջանքերն [բանակցային գործընթացում]: Եվ երեկ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցում ինձ տեղեկացրեց, որ արդեն իր տեսլականը գրավոր տարբերակով ուղարկել է: Կարծում եմ, շուտով մենք կստանանք այն ու կտեսնենք, թե ինչպե՞ս ենք այսուհետ առաջ շարժվելու»:

Մանվել Սարգսյանի ներկայացմամբ` կազանյան բանակցություններից հետո ղարաբաղյան խնդրի վերաբերյալ տերությունների դիրքորոշումները պետք է դիտարկել Հարավային Կովկասում սպասվող զարգացումների կոնտեքստում:

«Օրինակ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հարավային Կովկասում հստակ ասաց, որ պատերազմը ՆԱՏՕ-ի շահերի դեմ է: Բավականին խիստ հայտարարություն է: Փաստորեն ՆԱՏՕ-ն անմիջապես մտավ այս խնդրի մեջ եւ իր դիրքորոշումը հայտնեց: Միացյալ Նահանգները ակտիվացան Ադրբեջանում` հայտարարելով, որ ունեն լուրջ պլաններ եւ հետաքրքրիր մի թեզ առաջարկեցին, որ գոյություն ունի Ադրբեջանի էներգետիկան պաշտպանելու խնդիր, որում նրանք համագործակցելու են Ադրբեջանի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Մանվել Սարգսյանը:

Հունիսի 30-ին «Արմինֆո» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, հիշեցնենք, ասել էր. - «ՆԱՏՕ-ի դիրքորոումը չափազանց հստակ է. [ղարաբաղյան] հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման դեպքում հաղթողներ չեն լինի: Մենք հավատում ենք, որ երկու կողմերը կպարտվեն ռազմական լուծման դեպքում, [ինչը] զգալի ավերածությունների պատճառ կդառնա տարածաշրջանում, որն ապահովում է էներգապաշարների զգալի մասի մատակարարումը Եվրոպա»:

«Այդ ամեն ինչը մեծ նշանակություն ունի», - մեկնաբանեց Սարգսյանը` նշելով. – «Փոխվում է ոչ միայն վիճակը բանակցային պրոցեսում, փոխվում են պրոցեսները տարածաշրջանում: Արեւմտյան մեծ ալիք է արդեն նկատվում… Բնական է, այս ամեն ինչը պիտի անպայման ազդի բանակցային պրոցեսի վրա: Նաեւ ցույց է տալիս, որ բոլոր շահագրգռված երկրները փորձում են իրենց նոր դիրքորոշումները հստակեցնել»:

Սարգսյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի նախագահի նամակը հայտնվեց Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում արված հայտարարությունից հետո, թե «լինելու են լրացուցիչ առաջարկություններ, որպեսզի, այնուամենայնիվ, հնարավոր լինի ինչ-որ համաձայնության հանգել [ղարաբաղյան] հարցի կապակցությամբ»:

Բաքվում գործող Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի նախագահի նամակի հայտնվելը պետք է բացատրել Կազանում տեղի ունեցած ձախողմամբ, որը, ըստ Յունուսովի, Դիմիտրի Մեդվեդեւը համարում է անձամբ իր ձախողումը:

«Ես համարում եմ, որ նրա այդ քայլը` նամակով, մեծամասամբ նպատակ ունի բարելավել իր` Մեդվեդեւի, իմիջը, ցույց տալ, որ նա շարունակում է հավատալ, թե ապագայում նույնպես բանակցությունները կընթանան իր հովանավորությամբ: Այսինքն` եթե չի ստացվել Կազանում, ոչինչ` կլինի այլ հանդիպում: Այլ կերպ ասած բանակցային գործըթնացը պետք է շարունակվի եւ շարունակվի Ռուսաստանի հովանավորությամբ», - ասաց նա:

«Մեդվեդեւի նամակը կարող է նշանակել, որ չնայած հնչած բազմաթիվ հիասթափություններին, Կազանի հանդիպումից հետո բանակցային գործընթացը չի կանգնել», - «Ազատություն» հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG