Մատչելիության հղումներ

Սոչիում ընթանում է ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆօգ Ռասմուսենը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Սոչի, 4-ը հուլիսի, 2011թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆօգ Ռասմուսենը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Սոչի, 4-ը հուլիսի, 2011թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոստովանությամբ, «ի տարբերություն ակնկալիքների, նիստը այդքան դյուրին չի ընթանում»։

Հիմնական տարաձայնությունները երկուսն են` Լիբիայում ՆԱՏՕ-ի իրականացրած գործողությունները եւ Եվրոպայում դաշնակիցների տարածքում հակահրթիռային համակարգ տեղադրելու Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագիրը։

Այդ հարցով քննարկումները, ըստ Կրեմլի աղբյուրների, փակուղի են մտել, եւ ռուսաստանյան կողմը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մտադիր է Սոչիում ՆԱՏՕ-ին ներկայացնել այսպիսի վերջնագիր` «Հակահրթիռային համակարգը պետք է պաշտպանի ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի բոլոր երկրներին եւ ուղղված չլինի ռուսական միջուկային զինանոցի դեմ։ Այլապես Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել»։

Ըստ վերլուծաբանների, պատասխանը ենթադրում է երեք տարր. Մոսկվան հրատապ կարգով կստեղծի իր ռազմատիեզերական պաշտպանության համակարգը, կավելացնի հարձակողական ռազմավարական սպառազինությունները եւ դուրս կգա ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրից, որը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները ստորագրել են 2009 թվականի ապրիլին։

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, այդ ամենը կապ չունի 2012 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուների դիրքորոշումների հետ, քանի որ պաշտպանության հարցում այսօրվա նախագահի ու վարչապետի միջեւ տարաձայնություն չկա։

«Մենք ոչ մեկին չենք փորձում ահաբեկել, բայց պարտավոր ենք մեր գրծընկերներին ազնվորեն նախազգուշացնել մեր ունեցած հնարավորությունների մասին, ՆԱՏՕ-ն պետք է մտորի իր քայլերի հետեւանքների մասին։ Փոխզիջման տարբերակները շատ են, հակառակ դեպքում մենք այլընրանք չենք ունենա», - ասել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի հատուկ բանագնած Դմիտրի Ռոգոզինը։

«Լիսաբոնի գագաթնաժողովում մենք որդեգրել ենք եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղ, ապահով եւ կայուն միջավայր ստեղծելու քաղաքականություն։ Մենք ընդունել ենք, որ բաժանարար գծերի ժամանակն ավարտվել է, անվտանգության տարբեր աստիճաններով ազդեցության գոտիները պատմության գիրկն են անցել։ Այսօր հնարավոր է մեր ուշադրությունը կենտրոնացնել իրական ռազմավարական համագործակցության վրա, դա կստեղծի եվրատլանտյան կառավարությունների միջեւ դրական փոխկախվածություն եւ կընձեռի անվտանգության ասպարեզում ընդհանուր խնդիրները համատեղ ջանքերով դիմագրավելու հնարավորություն», - Սոչիում ասել է Սերգեյ Լավրովը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հաստատել է, որ Լիսաբոնում կողմերը վճռել են համագործակցել հակահրթիռային պաշտպանության հարցում։


«Սա բարդ հարց է, եւ մենք գիտակցում ենք, որ մեզ պետք է ոչ այնքան արագ, որքան լավ արդյունք։ Մենք դա պետք է ճիշտ եղանակով անենք եւ հաշվի առնենք դաշինքի բոլոր 29 անդամների շահերը»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։


Բանակցությունները շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG