Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի»


Զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, եւ չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքր-ինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:

Նախագահի խոսքով, ակնհայտ է, որ զբոսաշրջային արդյունաբերությունը գնալով ավելի ու ավելի է կարեւորվում ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման գործում, մշակութային եւ քաղաքական բնագավառներում:

«Բնականաբար, մենք եւս Հայաստանում մեծ կարեւորություն ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը եւ շատ ուրախ ենք, որ շուրջ 15 տարի է անդամակցում ենք համաշխարհային կազմակերպությանն ու ունենք համագործակցության լավ ապագա», - ասել է Հայաստանի նախագահը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԶՀԿ-ի եւ Ճամփորդության եւ զբոսաշրջության համաշխարհային խորհրդի բաց նամակը, նշելով, որ քարոզարշավի ընթացքում նման նամակներ հանձնում են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, ովքեր ի գիտություն եւ ի համաձայնություն են ընդունում զբոսաշրջային արդյունաբերության տնտեսական, սոցիալական եւ քաղաքական կարեւորությունը:

Թալեբ Ռիֆային նույն օրը ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG