Մատչելիության հղումներ

Մտավորականները նախագահին կոչ են անում զբաղվել արտագաղթի խնդրով


Արխիվ -- Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, Երեւան, 30-ը ապրիլի, 2010թ.
Արխիվ -- Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, Երեւան, 30-ը ապրիլի, 2010թ.
Մի խումբ մտավորականներ օրերս Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին ուղղված բաց նամակում ահազանգել էին, որ «արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական ու ազգային աղետի»: Այսօր արդեն մտավորականները երկրի նախագահի ուշադրությունն են հրավիրում նույն խնդրի վրա:

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանի կարծիքով, արտագաղթի ծավալից զատ, այսօր ավելի մտահոգիչ է մարդկանց խուճապային տրամադրությունը, որը ձնագնդու պես մեծանում է ու տարածվում:

«Բոլորի մոտ ճամպրուկային տրամադրություն է, երբ յուրաքանչյուրը մտածում է` ո՞ւր գնալ: Աշխատունակ մասը` ովքեր որ ֆիզիկական աշխատանքով են զբաղվում, մտածում են Ռուսաստան գնալ, ավելի ինտելեկտուալ շերտը` Եվրոպա կամ Ամերիկա: Սա իրապես կամայացնի մեր երկիրը», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրենը:

Այս առնչությամբ Վարդան Դեւրիկյանը կարծիք հայտնեց, որ երկրի նախագահը պետք է անձամբ արձագանքի մտավորականների բաց նամակին` կոչով դիմի ժողովրդին ու հայտարարի, որ «մենք մեր ժողովրդի ապագան մեր երկրում ենք տեսնում»:

Ազգագրագետ Հարություն Մարությանը, սակայն, համոզված է, կոչերով պետք չէ սահմանափակվել:

«Շատ լավ կլինի, եթե նախագահը խոսի, բայց ենթադրվում է, որ դրանից հետո պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկվեն: Արդյո՞ք նախագահը կամ նրա թիմը ունի այդ քաղաքական կամքը, պատրաստ է այն քայլերը ձեռնարկել, որոբք կբերեն համակարգային փոփոխությունների: Կարծես թե մի քանի անգամ ակնարկվում է, որ պատրաստ են համակարգային փոփոխությունների, սակայն այդ ակնարկից այն կողմ, ցավոք սրտի, ոչինչ չստացվեց», - նշեց ազգագրագետը:

Պաշտոնական տվյալներով միայն վերջին 3 տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 78 հազար մարդ:

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մայիսին կարծիք էր հայտնել, որ Հայաստանում միգրացիոն տեսակետից արտառոց երեւույթներ տեղի չեն ունեցել եւ վերջին տարիներին միգրացիայի բացասական մնացորդը «չի ահագնացել», այլ մնացել է «նույն մակարդակի վրա»։
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG