Մատչելիության հղումներ

«Անակնկալ էր, որ բոլոր ներկաները կողմ քվեարկեցին ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին»


Մկրտիչ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյում, 2-ը հուլիսի, 2011թ.
Մկրտիչ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյում, 2-ը հուլիսի, 2011թ.
Հունիսի 21-24-ը Փարիզում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ տարեկան նիստը, որտեղ միաձայն ընդունվել է Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Փաստաթղթի հեղինակը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, այս բանաձեւի նյութերը դեռ երկու ամիս առաջ էին ներկայացված եղել Վեհաժողովին:

«Ըստ կանոնակարգի` գլխավոր քարտուղարությունը, որը գտնվում է Աթենքում, պիտի բոլոր 28 անդամ երկրների Ազգային ժողովներին տեղեկացներ այն նյութերի մասին, որ մենք ներկայացրել էինք, որովհետեւ ոչ միայն նախագիծն էինք մենք ներկայացրել, այլեւ, փաստորեն, վերցրել էինք բանաձեւեր, վերցրել էինք աշխարհում տեղի ունեցող պրոցեսների նկարագրությունները` թե քանի երկիր, քանի հասարակական կազմակերպություն, քաղաքական, միջազգային կառույցներ ճանաչել են, եւ այլն: Այս բոլորը մենք ուղարկել էինք որպես այդ փաստաթղթի հիմնավորում», - ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ընդգծելով, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հրեշավոր հանցագործություն է եւ արժանի է դատապարտման` անկախ վաղեմության ժամկետից եւ պետական, քաղաքական շահերից, բանաձեւը կոչ է անում Թուրքիային` ժողովրդավարության եւ թափանցիկության հասնելու ուղղությամբ արդեն ձեռնարկվող ջանքերի համատեքստում ընդունել պատմական փաստերը եւ մանրակրկիտ ու քննադատորեն ուսումնասիրել պատմական անցյալի այդ իրադարձությունները:

Մինասյանի խոսքով` իսկապես անակնկալ էր, որ ներկա բոլոր 22 պատվիրակները կողմ քվեարկեցին, հատկապես այն երկրները, որոնք չեն ճանաչել ցեղասպանությունը:

«Շատ երկրներ կան, որոնք չէին ճանաչել, ասենք` Ալբանիան. Ալբանիան, բնականաբար, ինձ զարմացրեց: Զարմացրեց Ռումինիան, զարմացրեց Մոլդովան, զարմացրեց Ղազախստանը, Լիբանանը` երկրներ, որոնք, կարծես թե, այստեղ մտածելու բան կար: Որովհետեւ մենք նախորդ օրը Ղազախստանի պատվիրակների հետ զրուցում էինք` թվում էր, թե նրանք պիտի ձեռնպահ քվեարկեին, բայց, փաստորեն, վերջին պահին որոշեցին կողմ քվեարկել», - ասաց հանրապետական պատգամավորը:

1992 թվականին ստեղծված այս Վեհաժողովի կազմում 28 պետություններ են, որոնք ունեն ուղղափառ խորհրդարանականներ: Ադրբեջանը եւ Թուրքիան Վեհաժողովի անդամ չեն:

Մկրտիչ Մինասյանը համաձայն է այն դիտարկմանը, որ բանաձեւի ընդունմանը էապես նպաստել է Վեհաժողովի քրիստոնեական ուղղվածությունը:

«Ես արդեն ութերորդ տարին է` այս Վեհաժողովում հայկական պատվիրակության կազմում եմ եւ ղեկավարել եմ այդ ընթացքում, պիտի ասեմ, որ ինքը` այս ուղղափառների Վեհաժողովը, հիմնականում զբաղված է հանդուրժողականության գովաբանմամբ եւ ընկալումները ներկայացնելով, քաղաքակրթությունների երկխոսության առաջարկներով եւ ծրագրերով», - նշեց պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG