Մատչելիության հղումներ

Ամերիկացի փորձագետները Ռուսաստանի բնակչության թվի խիստ նվազում են կանխատեսում


Տեսարան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից

Տեսարան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոն աշխարհի 228 երկրների վիճակագրական պատկերն ուսումնասիրելու արդյունքում հանգել է եզրակացության, որ 30 տարի անց աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը լինելու է Հնդկաստանը:

Ռուսաստանի բնակչության թիվը, ըստ ամերիկացի փորձագետների, խիստ նվազելու է՝ 21 տոկոսով, ինչը չի եղել նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ Իսպանիայում եւ Իտալիայում բնակչության թվաքանակը զգալիորեն աճելու է:

Time պարբերականը, «Ինչպիսին է լինելու աշխարհը 2050 թվականին» խորագրի ներքո ներկայացնելով ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի կանխատեսումները, մանրամասնում է, որ Հնդկաստանը բնակչության թվով Չինաստանին կգերազանցի արդեն 2025 թվականին: ԱՄՆ-ը կշարունակի մնալ երրորդ տեղում, թեեւ առաջիկա 30 տարիներին բնակչության թիվը կավելանա շուրջ 115 միլիոնով: Իսկ այժմ բնակչության թվով աշխարհում 9-րդը համարվող Ռուսաստանը կդառնա 17-րդը, ներկայումս 10-րդ տեղը զբաղեցնող Ճապոնիան էլ՝ 16-րդը:

«Թերեւս ամենաանբարենպաստ ու անցանկալի փոփոխություններն են ակնկալվում Ռուսաստանում», - գրում է պարբերականը` պարզաբանելով, որ այս երկրում բնակչության թիվը շարունակաբար նվազում է 1992 թվականից եւ արդեն 2050-ին 30 միլիոնով պակաս կլինի, քան այսօր է, այսինքն, ըստ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի կանխատեսումների, 139 միլիոնից կնվազի մինչեւ 109 միլիոն:

Պատճառը, ըստ ամերիկացի փորձագետների, այն է, որ Ռուսաստանը կանգնած է ոչ միայն ծնելիության տեմպերի նվազման, այլեւ կյանքի տեւողության կրճատման խնդիրների առջեւ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Ռուսաստանում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը ընդամենը 62 տարի է. այս փաստը հաճախ կապվում է երկրում ալկոհոլիզմի մեծ տարածվածության հետ:

Իսկ Արեւմտյան Եվրոպայում ՝ հատկապես Իսպանիայում եւ Իտալիայում բնակչության թվաքանակի ավելացումը ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոն ակնկալում է ինչպես ծնելիության տեմպերի աճի, այնպես էլ այս երկրներում արձանագրվող ներգաղթի հաշվին:

Այնուհանդերձ, առաջիկա 30 տարիներին բնակչության թվի ամենանկատելի աճը կարձանագրվի աֆրիկյան երկու երկրներում՝ Նիգերիայում `160 միլիոնից հասնելով 402 միլիոնի, եւ Եթովպիայում` 91 միլիոնից հասնելով 278 միլիոնի:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG