Մատչելիության հղումներ

Հուլիսի 2-ի մամուլ


«Երկիր» օրաթերթը գրում է. - «Իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանն ամբողջությամբ նույնականացրեց երկխոսություն եւ բանակցություն հասկացությունները` երկխոսությունը ներկայացնելով որպես նույն երեւույթի բովանդակություն, իսկ բանակցությունները` դրա ձեւ: Կարծես թե ուրվագծվում էր իշխանություն-ընդդիմություն հարաբերման նոր ձեւաչափ, երբ ՀԱԿ-ը բարձրացնում էր խնդիրներ, թեկուզ հիմնականում իր, այլ ոչ թե հասարակության հետաքրքրությունների շրջանակներում, իսկ իշխանությունը կատարում էր դրանք: Այսինքն` հասարակական տրամադրությունները, իրբեւ իշխանության նկատմամբ ճնշման միջոց եւ որպես երկխոսության խողովակ, տալիս էին լուրջ ու առարկայական արդյունքներ: Բայց հենց այն պահից, երբ Կոնգրեսը որոշեց ֆորմալիզացնել այս ձեւաչափը` իշխանությանը պարտադրելով «կնքել» իր` միակ պահանջատիրոջ եւ միակ այլընտրանքի կարգավիճակը, ոչ միայն ամեն ինչ կանգ առավ, այլեւ դատելով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում հնչած ելույթների տոնայնությունից ու բառապաշարից, նորից սկսեց վերադառնալ արմատականության դիրքերը»:

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասում է. - «Քաղաքական պայքարը` քաղաքական պայքար, բայց կոռեկտության սահմանը, կարծում եմ, չպետք է անցնել։ ՀԱԿ-ի գործիչները չեն պահում այդ սահմանը։ Գիտեք, որ մենք ամեն ինչ անում ենք երկրում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար, բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք երկխոսության բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` ՀԱԿ-ի հետ, եւ նորմալ ենք վերաբերվում, որ ընդդիմությունը միտինգներում արտահայտում է իր տեսակետները։ Կոնկրետ, վերջին միտինգում ելույթ ունեցողներից մեկը հայտարարում է` սրանք հանցագործներ են, եթե չգնան արտահերթ ընտրությունների, իշխանությունը գրոհով կվերցնենք։ Մենք փորձում ենք համաձայնության դաշտ ստեղծել, զերծ մնալ քաղաքացիական բախումների տանող քայլերից, գնում ենք որոշակի քաղաքական բարեփոխումների: Իրենք նորից խոսում են «գրոհի» մասին, կարծես ուզում են վերադառնալ 2008 թվականը, երբ իսկապես փորձում էին գրոհով վերցնել իշխանությունը»։

«Ժամանակ»-ը գրում է. - « Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե Ղարաբաղի հակամարտության կողմերին նոր առաջարկներ են ներկայացվելու` փաստացի առաջին վկայությունն է, որ Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության այս փուլը համարվում է տապալված, եւ ռուսներն այժմ առնվազն բարոյական իրավունք չունեն խոչընդոտելու արևմտյան նախաձեռնություններին: Եթե գլոբալ իմաստով դիտարկենք հնարավոր զարգացումը, ապա հավանական է, որ պահանջների իմաստը լինելու է Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու ուղղությամբ որեւէ էական եւ հիմնարար քայլ կատարելը: Հայաստանի մասով դա կարող է ներառել ընտրական գործընթացների որոշակի սցենար եւ բովանդակություն, երբ խորհրդարանի առաջիկա ընտրությանը հաջողություն կարձանագրեն այն ուժերը, որոնք պատրաստ են գործել առանց Ռուսաստանի: Թվում է` Հայաստանում այդպիսի ուժ գոյություն չունի, եւ առավել եւս այդպիսին չի կարող լինել իշխանությունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ուրեմն առաջիկա ընտրությանն իշխանափոխությունն անխուսափելի է: Բայց բանն այն է, որ Հայաստանի իշխանության, այսպես ասած, ռուսամետության մասին պատկերացումները թերեւս չափազանցված են: Հայաստանի իշխանությունը ոչ մի մետ էլ չի եւ չի էլ եղել: Իրականում Հայաստանի իշխանությունը պարզապես միտված է այն կողմ, որ կողմում հնարավորինս անվտանգ է, որ կողմում հնարավորինս երաշխավորվում է իր բիզնես շահերի անսասանությունն ու ֆիզիկական անվտանգությունը»:

Նույն խնդրի վերաբերյալ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտ»-ի հարցին, թե ի՞նչ նոր ֆրանսիական առաջարկների մասին կարող է խոսք գնալ, ասել է. - «Դեռեւս հանրությունը եւ մենք չգիտենք` հին առաջարկները կոնկրետ ի՞նչ առաջարկներ են, որ մտածենք նոր առաջարկների մասին»: Լրագրողի տարակուսանքին` «այսինքն դուք մադրիդյան սկզբունքներին ծանո՞թ չէիք», Գալուստ Սահակյանը արձագանքել է. - «Մադրիդյան սկզբունքներին ծանոթ են եղել համանախագահները, երկրի նախագահները եւ ինչ-որ չափով արտգործնախարարները»: Լրագրողը նկատում է, որ այդ սկզբունքները բազմիցս հրապարակվել էին: Գալուստ Սահակյանը հակադարձում է. - «Վաղն էլ կարող է ինչ-որ մեկը նախաձեռնի իր ուզած տրամաբանությամբ էլ իր սկզբունքները հրապարակել: Այդ սկզբունքները պաշտոնապես չեն հրապարակվել»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Արտագաղթի ծավալները իսկապես ահավոր են: Միայն պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից հեռացել է մոտ 48 հազար մարդ, այսինքն` միջին հաշվով օրը 400 մարդ կամ 100 ընտանիք: Պարզ ասած` բնակչության առումով Հայաստանը կորցնում է տարեկան մեկ Ղարաբաղ: Իսկ ի՞նչ են անում իշխանությունները: Ոչինչ: Առայժմ միայն այդ թեմայով կատակում են եւ խրախուսում Հայաստանից արտագաղթ կազմակերպող գրասենյակների գործունեությունը: Եվ ընդհանրապես, եթե նկատել եք, վերջերս իշխանությունները մի տեսակ փոխել են իրենց «մարտավարությունը»: Առաջ գոնե ձեւացնում էին, թե տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլեր են անում, ինչ-որ ծրագրեր էին ներկայացնում եւ այլն, իսկ հիմա դա էլ են ալարում անել»:
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG