Մատչելիության հղումներ

Ազգագրագետի գիրքը չի տպագրվել «Սկսել ա» նախաձեռնության լուսանկարների պատճառով


Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արխիվային լուսանկար

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արխիվային լուսանկար

«Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գրքի հեղինակ Հրանուշ Խառատյանը գրքի տպագրության հարցերով սկսել է զբաղվել դեռ 2008 թվականից: Մշակույթի նախարարության դրամաշնորհի (որը հեղինակը շահել էր գրքի տպագրության համար) հետ կապված երկարուձիգ քաշքշուկներից հետո Խառատյանը գիրքը տպագրել է սեփական միջոցներով:

Խառատյանը, ով 2008-ին արդեն շահել էր դրամաշնորհը, պարզում է, որ Մշակույթի նախարարությունը ծախսել է դրամաշնորհի գումարը «այլ կարիքներ հոգալու համար»։ Գրքի հեղինակը, զարմացած իրեն տրված պատասխանից, հանդիպում է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, ով խոստանում է գիրքը տպագրել հաջորդ տարվա պետական բյուջեով:

Արդեն 2009-ին Մշակույթի նախարարությունը պայմանագիր է կնքում տպարանի հետ, որը հեղինակից ստանում է գիրքը ու անցնում գործի։

«Տպարանը նախարարություն է տարել շարվածքը եւ առաջին օրինակը՝ որպես մակետ, եւ դրանից հետո արդեն եղել են դիտարկումներ, այսինքն Մշակույթի նախարարության նկատառումները», - «Մաքսլիբերթիի» հետ զրույցում պատմում էր ազգագրագետը: Նա որոշ ժամանակ անց նամակ է ստանում այն մասին, որ գիրքը քննած մասնագիտական խորհուրդը որոշ դիտարկումներ ու փոփոխությունների առաջարկներ ունի:

«Գիտական խորհուրդը այսինչ բաները առաջարկում է հանել, այդ թվում լուսանկարների մի ամբողջ շարք, օրինակ էսպիսի մի բան՝ «Ինչպես պայթեց փուչոն» մի արտահայտություն: Խոսքը այն նկարի մասին է, որտեղ երիտասարդները պարում են հայկական ժամանակակից կարնավալային պար իրենց կազմակերպած տոնահանդեսին, եւ երեւում են փուչիկներ «սկսել ա» մակագրությամբ, ինձ գրել էին` ի՞նչ կապ ունի «փուչոն» Բարեկենդանի հետ, ի՞նչ կապ ունի «սկսել ա» բառը», - պատմում է Խառատյանը։

Նախարարությանը դուր չէր եկել գրքի կազմը, որոշ լուսանկարներ համարվել էին անորակ, այլ լուսանկարներ՝ «ոչ ուսացողական եւ ոչ ուղեցույցային»։ Խառատյանի խոսքով` ինքը կատարում է բոլոր պահանջները, իսկ լուսանկարների բովանդակության քննության վերաբերյալ նամակ է գրում նախարարությանը` մանրամասն բացատրելով լուսանկարնների իմաստը եւ հատկապես դրանց կապը Բարեկենդանի տոնի հետ:

Խառատյանն ասում է, որ իր գրքում տեղ էին գտել նաեւ «Սկսել ա» երիտասադական նախաձեռնության կազմակերպած Բարեկենդանի տոնակատարության լուսանկարներ, քանի որ գիրքը պատկերում էր ոչ միայն հինգ տարբեր տոների պատմություն, այլեւ խոսում այն մասին, թե ինչպես են դրանք նշվում այսօր: Նկարներում պատկերված էին երիտասարդներ, որ փողոցում նշում էին Բարեկենդանը` «Քիչ կեր», «Սկսել ա» եւ այլ գրություններով:

«Փաստորեն նախարարությանը շատ անհանգստացրել էին այս երեք լուսանկարները՝ «Քիչ կեր», « Չվախենաք» եւ «Տեր կանգնենք» բովանդակությամբ», - ասում է ազգագրագետը:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանը «Մաքսլիբերթի»-ին տեղեկացրեց, որ գիրքը չի տպագրվել, որովհետեւ այն չի համապատասխանել «տեխնիկական նկարագրի պահանջներին»։

«Երեք անգամ նախարարությունը երկարաձգել է ժամկետը, որպեսզի գիրքը բերվի համապատասխան վիճակի, եւ երեք անգամ էլ դա տեղի չի ունեցել, ապա նախարարությունը լուծել է պայմանագիրը», - ասաց Դուրգարյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG