Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալներով` Հայաստանում տնտեսական աճը 2011 թվականի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է ընդամենը 1.2 տոկոսը:

2011 թվականի ավարտին կառավարության կանխատեսմամբ ՀՆԱ-ի աճը կարող էր հասնել 4.6 տոկոսի: Իսկ 2010 թվականի արդյունքով` Հայաստանի տնտեսությունն աճել էր 2.6 տոկոսով: Այդուհանդերձ, առաջին եռամսյակի տվյալները սովորաբար բնութագրական չեն լինում ողջ տարվա համար: Ինչպես բազմիցս պարզաբանել են կառավարության պատասխանատու պաշտոնյաները, տնտեսության ակտիվացումն առավել նկատելի է լինում տարվա հաջորդ եռամսյակներին:

Հայաստանի տնտեսության երբեմնի շարժիչ ուժը հանդիսացող շինարարության ոլորտն այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով կրճատվել է 8 տոկոսով, գյուղատնտեսության անկումը կազմել է 1.4 տոկոս: Գյուղատնտեսությունը 2010 թվականին աննախադեպ անկում էր արձանագրել` առավելապես պայմանավորված անբարենպաստ եղանակով:

Ինչպես եւ անցած տարի, այս տարի եւս արդյունաբերության ոլորտի աճը հանդիսացել է ՀՆԱ-ի աճի հիմնական բաղադրիչներից մեկը: Առաջին եռամսյակի տվյալներով` այն կազմել է 5 տոկոս:

Տնտեսական վերլուծաբանը Սամվել Ավագյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ԱՎԾ-ի այս ցուցանիշները, նշեց, որ թեեւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրությամբ ՀՆԱ-ի աճը կազմում է ընդամենը 1.2 տոկոս, սակայն անցած մայիսի կտրվածքով արձանագրվել է նաեւ շատ բարձր` 9.9 տոկոսի հասնող տնտեսական ակտիվության ցուցանիշ: Հարցին, թե արդյո՞ք այս պայմաններում իրականություն կդառնա կառավարության կանխատեսած 4.6 տոկոս տարեկան տնտեսական աճը, Ավագյանը պատասխանեց. - «Բյուջեի կանխատեսումը ի սկզբանե շատ զգուշավոր կանխատեսում է եղել: Բյուջեի հիմքնում դրվել է մի կանխատեսում, որը նվազագույն հնարավոր տարբերակն է, այսինքն իրենք համարյա կասկած չեն էլ ունեցել, որ դա կիրականացվի: Հաշվի առնելով` թե նախորդ տարիներն ինչքան բարձր անկում է եղել, իսկ այժմ վերականգնման գործընթաց է ընթանում, հանգիստ կարելի էր ավելի բարձր աճ պլանավորել ու իմ կարծիքով, այդ 4.6 տոկոսի աճը կգերազանցվի»:

Սամվել Ավագյան, անդրադառնալով ՀՆԱ-ի շարժիչ ուժը դարձած արդյունաբերություն ոլորտի միտումներին, ասաց, թե վիճակագրությունը անշուշտ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին թույլ է տալիս հայտարարել, որ արդյունաբերությունն այլեւս տնտեսության լոկոմոտիվն է, սակայն, ըստ տնտեսագետի այստեղ մի քանի «բայց»-եր կան:

«Այդ լոկոմոտիվը հիմնականում դրսեւորվում է արդյունաբերության 3 ճյուղերում` սննդի, խմիչքի արտադրություն եւ համքահումքային` մետաղների արտադրության ոլորտում: Այդ երեք ճյուղերի վրա հիմնված արդյունաբերական աճը, իմ կարծիքով, բավարար չէ խոսելու այն մասին, որ մենք պետք է գոհ լինենք արդյունաբերության զարգացման ներկա մակարդակից: Վերամշակվող արդյունաբերության մեջ 40 տոկոսը կազմում է սննդի, 10 տոկոսը` խմիչքի արդյունաբերությունը: Դա հետամնաց, ոչ զարգացած տնտեսական համակարգին բնորոշ կառուցվածք է, եւ այդ համամասնությունը ավելի վատթարանում է, այսինքն սննդի, խմիչքի, լեռնահանքային արդյունաբերության տեսակարար կշիռը բարձրանում է: Այդ երեքը միասին 80 տոկոսից ավելին են կազմում», - ասում է տնտեսագետը:

Թեեւ գիտատար, բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւս կա որոշակի աճ, սակայն, Ավագյանի խոսքով, պետք է հաշվի առնել, որ բազան այնքան ցածր է, 15-20 տոկոսը աճը չի խոսում «լուրջ գործընթացների» մասին:

ԱՎԾ-ն նաեւ հրապարակել է Հայաստանում հունվար-հունիս ամիսների կտրվածքով սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ, 2011 հունիսին նախորդած մայիսի համեմատ գրանցվել է 1.4 տոկոսի գնանկում:

Սամվել Ավագյանի գնահատմամբ` դա միանշանակորեն պայմանավորված է սեզոնային գործոնով:

«Մենք ամեն տարի ամառային սեզոնին, կապված գյուղատնտեսական մթերքների էժանացման հետ, ունենում ենք գնանկման փուլ: Ես ավելի մեծ գնանկում էի սպասում, քան 1.4 տոկոսը, որովհետեւ անցյալ տարվա հետ համեմատած գյուղատնտեսական բերքը բավականին բարձր է», - ասաց Ավագյանը:

Նա ասում է, որ նշված 1.4 տոկոսի գնանկումը ընդհանուր գնաճի վրա դեռեւս էական ազդեցություն չունի:

«Գնաճի հիմնական պարամետրը 12-ամսյա գնաճն է, որը նաեւ դրված է օրենքի հիմքում: 12-ամսյա գնաճը 8.5 տոկոս է, որը բավականին բարձր ցուցանիշ է, եւ ավելի բարձր է, քան «Բյուջեի մասին» օրենքով պահանջվում է Կենտրոնական բանկից` կարգավորել այնպես, որ գնաճը 5.5 տոկոսից բարձր չլինի: Կենտրոնական բանկի հիմնական պարտավորությունը ցանկացած ժամանակահատվածում գնաճը մինչեւ 5.5 տոկոսի սահմաններում պահելն է», - ասաց տնտեսագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG