Մատչելիության հղումներ

Մտավորականները ահազանգ են հնչեցնում


Կարեն Աղամյանը, Թաթուլ Մանասերյանը եւ Լեւոն Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը: 1-ը հուլիսի, 2011թ.

Կարեն Աղամյանը, Թաթուլ Մանասերյանը եւ Լեւոն Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը: 1-ը հուլիսի, 2011թ.

«Արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական ու ազգային աղետի: Ժողովրդագրական իրավիճակը ծայր աստիճան վատթարացել է` Հայաստանից չդադարող արտագաղթի պատճառով», - Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հասցեագրված բաց նամակում ահազանգում են մի խումբ մտավորականներ:

Նամակը ստորագրել են ստեղծագործական միությունների ղեկավարները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների նախագահներ:

Նամակի հեղինակներից ազգագրագետ, «Հազարաշեն» գիտական կենտրոնի ղեկավար Հրանուշ Խառատյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ չնայած կառավարության հավաստիացումներին եւ վատնված ամենատարբեր վարկային ու դրամաշնորհային հսկայական ռեսուրսներին` առավել ակնառու է դարձել, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ավելի ու ավելի մղվում դեպի տարբեր երկրների ներգաղթային ծրագրերը:

«Ես շատ կուզենայի, որ մենք հիշենք, որ մեր նման խեղճ, կոռումպացված, կաշառակեր, մարդու արժանապատվությունը ոտնահարող երկրների համար այս կարգի ծրագրերը քաղաքացու, մարդու համար ուղղակի փրկություն են», - հայտարարեց ազգագրագետը` հավելելով, որ չի կարելի «միայն հայրենասիրության վրա խարսխել արտագաղթի կասեցումը մի երկրում, որտեղ մարդը ինքը իրեն հայրենիքում չի զգում, որովհետեւ այդ հայրենիքի ռեսուրսներից ինքը օտարված է». - «Ընդ որում օտարված է թե' բնական ռեսուրսներից, թե' ինտելեկտուալ ռեսուրսներից, թե' կառավարման համակարգի կողմից իբրեւ թե առաջարկվող ռեսուրսներից: Մարդը չի կարող ռեալիզացվել, մարդը չի կարող հընթացս սոցիալիզացվել, նա դեգրադացվում է: Ինքը դա հասկանում է եւ լուծում է փնտրում: Եվ շատ հաճախ իմ լսած պատասխանն է` թե սա իմ հայրենիքը չէ»:

«Եթե ես նայում եմ հաղորդում, որտեղ գովաբանում են այն մարդկանց, ովքեր մեկնել են օտար երկրներ եւ այնտեղ շատ բարեկեցիկ կյանքով են ապրում, եւ նա հեռուստատեսությամբ խեղճ գյուղացուն ցուցադրում է իր ջիպը եւ այլն: Սա շատ հստակ աշխատում է արտագաղթի օգտին», - ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` շարունակելով. – «Մյուս դեպքում մենք գիտենք շատ օրինակներ, որ արտագաղթած երիտասարդները, օրինակ, Գերմանիայում, Ֆրանսիայում շատ ծանր վիճակում են, գողությամբ են զբաղվում, որպեսզի գոյատեւեն: Ինչո՞ւ դրանց օրինակները չլուսաբանել»:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը շեշտեց, որ արտագաղթի կասեցումը խիստ հրատապ խնդիր է այսօր հատկապես սահմանամերձ շրջաններում, գյուղերում, որտեղից ամենափոքր հնարավորության դեպքում հեռանում են ընդմիշտ:

«Ավելի քան 20 տարի է, ինչ անկախ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում պայմաններ ստեղծել աշխատունակ բնակչության մտավոր եւ ֆիզիկական կարողությունները հայրենի երկրում լիարժեք օգտագործելու համար», - ասված է բաց նամակում:- «Սոցիալապես բեւեռացված Հայաստանում քաղաքացին իրեն անպաշտպան է զգում մեծահարուստներ եւ պետական ծառայողների կամայականությունների առջեւ: Օրենքը սովորաբար կիրառվում է ընտրողաբար»:

Նամակի հեղինակները առաջարկում են Ազգային ժողովի նախագահին անհապաղ խորհրդարանական լսումներ կազմակերպել` բարձրացված խնդրի շուրջ կառավարության պատասխանատուների եւ մտավորականների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG