Մատչելիության հղումներ

Լարիջանին Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է «տարածաշրջանային բանաձեւի շրջանակներում»


Տարածաշրջանում առկա հակամարտությունները անհրաժեշտ է լուծել տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել են Ադրբեջանի եւ Իրանի խորհրդարանների նախագահներ Օքթայ Ասադովը եւ Ալի Լարիջանին այսօր Բաքվում երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ասադովը ասել է, մասնավորապես, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման երեք տարբերակ կա. - «Առաջինը բանակցություններ վարելն է, երկրորդը` տնտեսական պատժամիջոցների կիրառումը, երրորդը` ռազմական գործողությունները: Քանի որ բանակցությունները չեն տալիս ակնկալվող արդյունքը, պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է ագրեսորի դեմ կիրառել տնտեսական պատժամիջոցներ` հակամարտությունը տնտեսական մեթոդներով լուծելու համար»:

Նա վստահություն է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Իրանը կսատարի Ադրբեջանին եւ միջազգային կազմակերպություններում կպաշտպանի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը: Հարեւան երկրները պետք է համատեղ լուծեն տարածաշրջանում առկա հակամարտությունները, այդ թվում` խաղաղապահ ուժեր տեղակայելու միջոցով, հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը:

Ադրբեջանական աղբյուրի վկայությամբ` Լարիջանին հայտարարել է, թե «Իրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», եւ որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի տարածաշրջանային բանաձեւի շրջանակներում»:

Նրա խոսքերով` մեծ պետությունները օգնություն չեն ցուցաբերում հակամարտությունների կարգավորման գործում: «ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը երկար տարիներ զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, սակայն դա այդպես էլ որեւէ արդյունք չի տվել», - հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG