Մատչելիության հղումներ

Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ գործը կարող է լրիվ այլ ընթացք ստանալ


ԱՄՆ - Դոմինիկ Ստրոս-Կանը եւ նրա կինը` Անն Սինկլերը ժամանում են Նյու Յորքի դատարան մոտ, 6-ը հունիսի, 2011թ.

ԱՄՆ - Դոմինիկ Ստրոս-Կանը եւ նրա կինը` Անն Սինկլերը ժամանում են Նյու Յորքի դատարան մոտ, 6-ը հունիսի, 2011թ.

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը ուրբաթ օրը կանգնում է դատարանի առաջ:

Հնարավոր է` Նյու Յորքի քրեական դատարանում նրա դեմ քրեական գործը լրիվ այլ ընթացք ստանա, եւ հենց այսօր Ստրոս-Կանն ազատ արձակվի տնային կալանքից, քանի որ մեղադրող կողմի մոտ լուրջ կասկածներ են առաջացել գործով տուժող ճանաչված 32-ամյա կնոջ ցուցմունքների վերաբերյալ: Կինը, որի անունը չի հրապարակվում, տեղի ունեցածի միակ վկան է:

Վերջին շրջանում միջազգային ամենաաղմկալի սկանդալի կենտրոնում հայտնված 62-ամյա Դոմինիկ Ստրոս-Կանը մեղադրվում է սեռական բնույթի ոտնձգություն, բռնաբարության փորձ կատարելու, մարդուն ապօրինի ազատությունից զրկելու մեջ:

Դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքի կենտրոնում` «Սոֆթել» հյուրանոցի համարում: Հյուրանոցի 32-ամյա սպասուհին ոստիկաններին ցուցմունք էր տվել, թե երբ ներս է մտել` մաքրելու ընդարձակ սենյակը, կարծելով, թե սենյակում մարդ չկա, հանկարծ լողարանից լրիվ մերկ դուրս է եկել Ստրոս-Կանը, միջանցքում հետապնդել, բռնել է իրեն, տարել է ննջարան, հանդիպելով դիմադրության` լողարան է տարել, սեռական բնույթի գործողությունների է հարկադրել: Կինը նաեւ պնդում է, որ իրեն հաջողվել է դժվարությամբ դուրս պրծնել սենյակից, կատարվածը պատմել է հյուրանոցի ադմինիստրացիային, ոստիկանություն են կանչել:

Սակայն The New York Times պարբերականը, վկայակոչելով իրավապահ համակարգի պաշտոնյաների ստացած տեղեկությունները, գրել է, որ դատախազները բազմաթիվ հակասություններ են հայտնաբերել այդ կնոջ ցուցմունքներում, ինչը հիմք է տվել կասկածի տակ առնել նրա պնդումների հավաստիությունը:

Թերթի աղբյուրները նաեւ ասել են, որ ճշտվող տեղեկություններով` այս կինը կապեր ունի թմրաբիզնեսում եւ փողերի լվացման մեջ ներգրավված հանցախմբերի հետ: Բացի այդ, նախաքննության ընթացքում նաեւ ձեռք է բերվել Ստրոս-Կանի հետ կապված դեպքից մեկ օր առաջ ազատազրկման մեջ գտնվող ինչ-որ տղամարդու հետ այս կնոջ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հեռախոսազրույցի ժամանակ կինն ու բանտում գտնվող տղամարդը քննարկել են, թե ինչ օգուտ կարող են քաղել, եթե Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենին սեռական ոտնձգության մեղադրանք առաջադրվի:

Դատախազությանը նաեւ հաջողվել է պարզել, որ այդ կինը վերջին երկու տարիներին բանտում գտնվող տվյալ անձից ու նաեւ այլ անձանցից շուրջ 100 հազար դոլար բանկային փոխանցումներ է ստացել:

Դոմինիկ Ստրոս-Կանը, ով ի սկզբանե հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները եւ հայտարարել, որ ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ, այսօր դատարանին միջնորդելու է փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ տնային կալանքը փոխարինել գրավով եւ մինչ դատավարության ավարտը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG