Մատչելիության հղումներ

Իշխանությունները արտահերթ ընտրությունների հիմքեր չեն տեսնում


Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության խոսնակի խոսքով, այդ հարցում իշխանությունները «վաղուց արդեն կողմնորոշվել են»:

Նախօրեին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իշխանությունները պետք է առաջիկա մեկ-երկու ամսում վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում` սպառնալով, որ «հակառակ դեպքում ողջամիտ կոչված ժամկետը սպառված կհամարվի», եւ «օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արձագանքելով ընդդիմության առաջնորդի այս խոսքերին` իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. - «Ի տարբերություն որոշ մոլորյալների, իշխանությունները վաղուց արդեն կողմնորոշված են, եւ չեն տեսնում արտահերթ ընտրությունների ոչ քաղաքական, եւ ոչ էլ իրավական հիմք: Եվ ոչ միայն չեն տեսնում, այլ նաեւ Սահմանադրությունը այսօր մեզ թույլ չի տալիս իրականացնել արտահերթ ընտրություններ»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Հանրապետականը բացառում է, որ աշնանը նախագահ Սերժ Սարգսյանը կարող է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշում կայացնել, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե քաղաքականության մեջ տեսականորեն ոչինչ չի բացառվում:

«Բայց գործնականում այսօր մենք դրա հիմքեր չենք տեսնում, եւ Հանրապետականի օրակարգում նման հարց չկա: Ավելին` Ստրասբուրգում նախագահը խոսեց դրա մասին», - ասաց Հանրապետականի խոսնակը` հավելելով, թե նաեւ Հայ ազգային կոնգրեսն է հասկանում, որ ամեն ինչ գնում է դեպի հերթական ընտրություններ, պարզապես ՀԱԿ-ը փորձում է նման քայլերով այս ամռան շոգին տաք պահել իր էլեկտորատը:

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի մեր գործընկերների վերջնագրերին, ապա կոնկրետ Կոնգրեսի առաջնորդը եղել է նախագահ, եւ ինքը շատ լավ գիտի, որ վերջնագրերով եւ վերջնաժամկետներով խոսելը դա ժողովրդավարության լեզուն չէ», - նաեւ ասաց Շարմազանովը: - «Դեմոկրատիայի լեզուն երկխոսությունն է, որը մենք իրենց առաջարկել ենք, եւ նույնիսկ հետխորհրդային տարածաշրջանի երկրներում ես չեմ տեսել, որ երկրի նախագահը առաջարկի արտախորհրդարանական ընդդիմությանը առողջ կառուցողական առաջարկները հնչեցնել պառլամենտում` նրանց փոխարեն: Լավ, դրանից այն կողմ նրանք ի՞նչ են ուզում»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունները մտավախություն չունեն, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ որոշում չկայացնեն, ՀԱԿ-ը կարող է դիմել արմատական քայլերի, Շարմազանովը կարծիք հայտնեց, որ Տեր-Պետրոսյանը, լինելով Հայաստանի առաջին նախագահը, շատ լավ գիտակցում է, որ ցանկացած ցնցում մի քանի տարով ետ կտանի երկրի զարգացումը:

«Մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք: Եթե էլի ամեն ինչ գնաց արմատական ճանապարհով, հաստատ ոչ միայն իշխանություններն են կորցնելու… կորցնելու են բոլորը: Այստեղ երկկողմանի խաղ է, ոչ թե միակողմանի: Այստեղ քայլ է կատարել իշխանությունը, Կոնգրեսն էլ պետք է այդ քայլը ընդունի եւ գա երկխոսի», - նշեց Հանրապետականի խոսնակը:

Արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները թութակի պես աջուձախ կրկնում են, թե իբր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան», Էդուարդ Շարմազանովն ասաց, թե շատ նորմալ է, որ իշխանության ներկայացուցիչները այս հարցում ունեն միասնական կարծիք, բայց առաջին նախագահին հարիր չէ նման որակումներ օգտագործել, քանի որ իր համոզմամբ, առաջին նախագահի բառապաշարն այնքան հարուստ է, որ նա կարող է ավելի կոռեկտ արտահայտվել:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների համար Տեր-Պետրոսյանի մատնանշած հիմքերին` կեղծված նախագահական ընտրություններին, տնտեսական խորը ճգնաժամին, մեծ չափերի հասած արտագաղթին, ապա, Շարմազանովի փոխանցմամբ, Հայաստանում կառավարության իրականացրած բարեփոխումների արդյունքում իշխանությունները կարողացել են խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին, օրինակ, Լատվիայում է, կամ Հունաստանում:

«Նախ` լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական կատեգորիա է, եւ գնալով Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը բարձրանում է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, եւ երկրորդը` բոլոր միջազգային կառույցները, ովքեր հետեւել են ընտրություններին, նշել են, որ այդ ընտրությունները համապատասխանում են Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Սերժ Սարգսյանը ընտրվել է որպես լեգալ եւ լեգիտիմ նախագահ: Թող բոլորը իրենց ականջներին օղ անեն ու շատ լավ գիտակցեն», - հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Իշխանությունները արտահերթ ընտրությունների հիմքեր չեն տեսնում
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG