Մատչելիության հղումներ

Մասնագետները ամռան շոգ ամիսներին ճիշտ սնվելու խորհուրդներ են տալիս, քանի որ այս շրջանում մեծանում է սննդից թունավորվելու հավանականությունը:

«Մարդու օրգանիզմն ունի երեք 8-ժամյա ցիկլ` սնվելու, հանգստանալու եւ մաքրվելու: Առավոտյան 12-ից մինչեւ երեկոյան 20-ը մարդու օրգանիզմը վերականգնում է ծախսած էներգիան, 20-ից մինչեւ գիշերվա 4-ը մարդու օրգանիզմը հանգստանում է, իսկ 4-ից 12-ը` կատարվում է մաքրման գործընթաց: Սրանցից յուրաքանչյուրի խախտումը բերում է մարսողական տրակտի խափանման»,- ուրբաթ օրը կայացած ասուլիսում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Մամուլյանը նշեց, որ մարսողական համակարգի խնդիրներից խուսափելու համար պարտադիր պայման է պահպանել սննդի ընդունման հերթականությունը:

«Նախաճաշի փոխարեն սուրճ խմելը, կամ ծանր, մսային կերակուր ընդունելը խորհուրդ չի տրվում: Մինչեւ ժամը 12-ը պետք է ուտել միայն մրգեր, որից հետո անցնել թեթեւ նախաճաշի: Սա թերեւս հարաբերական է, որովհետեւ նախաճաշի բաղադրությունը կախված է նրանից, թե ինչ աշխատանք է դրանից հետո մարդն անելու: Սնվելը էներգիա է. երբ մենք շատ էներգիա ենք ծախսում, շատ ենք սնվում», - ասաց հայտնի խոհարարը:

Ասուլիսին ներկա Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Երեւաի կենտրոնի գլխավոր մասնագետ Արմենուհի Հակոբյանն էլ նշեց, որ սննդային թունավորումները հիմնականում փողոցում անհայտ մակնշման սննդամթերքի պատճառով են լինում:

«Փողոցում վաճառվող անհայտ ծագման հյութերն ու լցնովի պաղպաղակներն են վտանգավոր: Գնումներ անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին: Եթե սնունդը անհայտ ծագման չէ, մակնշված է եւ պահպանում են հիգիենիկ պայմաններում, ուրեմը կարելի է օգտագործել», - խորհուրդ տվեց նա:
XS
SM
MD
LG