Մատչելիության հղումներ

«Իշխանավորները վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջեւ»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում:

«Որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն ժամանակ ձգել, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջեւ», - Ազատության հրապարակում այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Բռնապետություններն ընդհանրապես, եթե հնարավորություն ունենային, ո՛չ արտահերթ եւ ո՛չ իսկ հերթական ընտրություն չէին անցկացնի: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ չէ, որ կախված է նրանց կամքից, եւ գալիս է մի պահ, ինչպես, օրինակ, դա եղավ արաբական երկրներում, երբ բռնապետությունները հարկադրված են լինում գնալ արտահերթ ընտրությունների։ Հայաստանն այժմ գտնվում է այդպիսի վիճակում», - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ունեցած իր ելույթում ասաց նորանկախ Հայաստանի առաջին նախագահը:

«Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները թութակի պես աջուձախ կրկնում են, թե իբր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։ Այսինքն՝ 2008թ. կեղծված նախագահական ընտրությունը հիմք չէ, մարտի 1-ի սպանդը եւ 10 հոգու գնդակահարությունը հիմք չէ, հարյուրավոր քաղաքական գործիչների զնդանումը հիմք չէ, հիմք չեն նաեւ՝ Ազգային ժողովի զրոյական վարկանիշը, սոցիալ-տնտեսական խորագույն ճգնաժամը, համատարած կոռուպցիան, աղետալի չափերի հասած արտագաղթը, խելահեղ գնաճը, Ղարաբաղյան խնդրի բարդացումը, եթե չասեմ` տապալումը, եւ այլն։ Ուրիշ ի՞նչ հիմք է պետք արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության համար, երբ քաղաքակիրթ երկրներում դրանք տեղի են ունենում թվարկվածների համեմատ շատ ավելի երկրորդական խնդիրների պատճառով», - հայտարարեց նա:

«Մեր իշխանությունները արտահերթ ընտրություններից վախենում են ասես ժանտախտից», - ասաց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը:

Պնդելով, որ իշխող վարչախումբը մինչեւ այժմ կորցրել է «Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դիրքերի ամրապնդման երկու պատեհություն՝ մեկը 2008թ. ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մյուսը՝ 2009թ. մարտի 3-ին, տնտեսական ճգնաժամի կիզակետը խորհրդանշող դրամի փոխարժեքի գահավիժման պահին»` Տեր-Պետրոսյանը շարունակեց. - «Կորցնել նաեւ ներկա պատեհությունը, կնշանակի սպառել մեր երկրի արժանապատիվ ապագայի կերտման վերջին հույսը։ Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում»։

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում: 30-ը հունիսի, 2011թ.
«Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը:

Տեր-Պետրոսյանը գնահատեց իշխանություն - ընդդիմություն երկխոսության առանձնահատկությունները: Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում երկխոսության հարցում, եւ շարունակեց. - «Դա ընդամենը նրա շրջապատի անհասկացողությամբ կամ իրավիճակի անսովորությամբ պայմանավորված ժամանակավոր անորոշություն է: Մարդիկ մինչեւ հիմա կրակել են, բանտերն են նստեցրել, հիմա ասում են` «եկեք նստենք, երկխոսենք»: Սովոր չեն դրան` ժամանակ է պետք, որ սովորեն»:

Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանգամանորեն անդրադարձավ նաեւ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին` վստահեցնելով, որ այսուհետեւ ՀԱԿ-ը ուշադրությունը կենտրոնացնելու է դրա վրա:

«Հայաստանի հասարակությունը եւ միջազգային հանրությունը հստակորեն պահանջում են ոչ թե մարտի 1-ի դեպքերի, այլ կոնկրետ տասը սպանությունների բացահայտում` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով», - ասաց նա` շեշտելով. - «Մարտի 1-ի սպանությունների բացահայտումն ու դրանց իրականացնողների դատական հետապնդումը ոչ միայն կամ ոչ այնքան արդարադատության, որքան քաղաքական խնդիր է՝ նման ոճրագործության կրկնությունը հիմնովին բացառելու նկատառումով։ Հակառակ դեպքում մենք որեւէ կերպ ապահովագրված չենք ապագայում նույնպիսի ողբերգության կամ ազգային խայտառակության առջեւ կանգնելու հավանականությունից»

Արձանագրելով, որ նախաքննական մարմինը մինչ այժմ թերացել է, Տեր-Պետրոսյանը կարեւոր համարեց «մարտիմեկյան ոճրագործությանը հանգեցրած պետական միջոցառումների շղթայի» բացահայտումը. - «Եթե հարցաքննվում է անգամ վերջին, ստորին ոստիկանը, որը կա'մ հատուկ միջոց, կա'մ հրազեն է օգտագործել, ոչ մեկը իր վրա չի վերցնելու, անմիջապես ասելու են` ով է իրենց հրամայել կրակել: Եվ այսպես, հասնում ենք մինչեւ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան»:

Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը խուսափեց խոսել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպման մասին` փաստարկելով. - «Քանի որ, իմ տպավորությամբ, նրա մանրամասները գաղտնի են պահվում, ապա առայժմ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից»։ Եվ հավելեց. - «Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար»:

Հանրահավաքում ելույթներ ունեցան նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Փաշինյանը զգուշացրեց, որ երկխոսությունը վերջին հնարավորությունն է: «Մի վերջին հնարավորություն է` Հայաստանում հաստատված ավազակապետությունից ազատվել երկխոսության ճանապարհով: Եթե ահաբեկիչների եւ հանցագործների հետ երկխոսում են, եւ երկխոսությունը արդյունք չի տալիս, հանցագործներին վնասազերծում են գրոհով», - հայտարարեց նա:

Հանրահավաքի մասնակիցները քվեարկությամբ որոշեցին ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքն անցկացնել օգոստոսի 1-ին:

Հանրահավաքն ավարտվեց ավանդական երթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG