Մատչելիության հղումներ

Լեհաստանը` Եվրամիության նախագահող


Հսկայական «ծաղկե ժամացույցը» Վարշավայում, որը սկսել է աշխատել 2011 թվականի հունիսի 30-ին` Լեհաստանի կողմից Եվրամիության նախագահությունը ստանձնելու նախօրեին

Հսկայական «ծաղկե ժամացույցը» Վարշավայում, որը սկսել է աշխատել 2011 թվականի հունիսի 30-ին` Լեհաստանի կողմից Եվրամիության նախագահությունը ստանձնելու նախօրեին

Եվրոպական միության խորհրդի նախագահությունը կեսգիշերից Հունգարիայից փոխանցվել է Լեհաստանին:

Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը տեղի է ունեցել Հին աշխարհամասի համար բարդ ժամանակաշրջանում, քանի որ հարավում` արաբական աշխարհում ընդվզումներ են, եւ այնտեղից փախուստի դիմող հազարավոր մարդիկ փորձում են ապաստանել Եվրոպայում:

Բուն Եվրամիության անդամներից Հունաստանն էլ ֆինանսական-տնտեսական ճգնաժամի հետեւանքով հասել է մի հանգրվանի, որից այն կողմ պետության անվճարունակությունն է` դեֆոլտը, որը աղետալի հարված կհասցնի Միության ընդհանուր փոխարժեք եվրոյին` դրանից բխող բազում այլ սպառնալիքներով:

«Եվրոպայի հիմքերը վտանգված են, մեզ պետք է հզոր ղեկավարում», - նախագահությունը ստանձնելու առիթով վերջերս հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եւ ավելացրել. - «Լեհաստանի նախագահությունը կվերականգնի հավատը Եվրամիության հաստատությունների հանդեպ»:

Լեհաստանը Շվեդիայի հետ մեկտեղ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի համահեղինակներից է: Այդ ծրագրում ընդգրկված են նախկին խորհրդային վեց երկրներ` Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը:

Կարելի է ենթադրել, որ որպես ծրագրի նախաձեռնող` Լեհաստանը որոշակի ակտիվություն կդրսեւորի այդ հարցում:

Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Պիոտր Մացեյ Կաչինսկին ասել է, որ «Վարշավան կցանկանար օրակարգի առաջնահերթությունների թվում տեսնել արեւելյան ուղղությունը, սակայն այն կարող են ստվերել ի հայտ եկող նոր մարտահրավերները»:

Ի դեպ, այս տարի մայիսի 27-ին Բուդապեշտում նախատեսված էր Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, սակայն այն հետաձգվել է եւ կգումարվի երկրորդ կիսամյակում` արդեն Լեհաստանում:

Եվրամիության հարեւանության նախաձեռնության շրջանակներում իրականացվող այդ ծրագրի հիմնադիր գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում:

Եվրամիությունը հարեւանության ծրագրով 2011-2013 թվականներին հատկացնում է 5 միլիարդ 700 միլիոն եվրո, այդ գումարից բացի` տարբեր աղբյուրներից կտրամադրվի եւս 1 միլիարդ 240 միլիոն` որպես դրամաշնորհ:

Աջակցության դիմաց Եվրամիությունը հարեւաններից ակնկալում է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ, եւ յուրաքանչյուր երկրի պարագայում հատկացումը պայմանավորվում է ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG