Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայի Ցխինվալիի շրջանից հարկադիր տեղահանվածների ու փախստականների վիճակի մասին» բանաձեւին, որը ընդունվել է ձայների մեծամասնությամբ:

Վրաստանի հեղինակած բանաձեւը կոչ է անում ապահովել անջատողական այս տարածաշրջաններից փախստականների անվտանգ ու անկաշկանդ վերադարձը իրենց տները: Բանաձեւի հենց վերնագրում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան բնորոշված են որպես Վրաստանի տարածքներ, չլուծված հակամարտություններն էլ` ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածաշրջանի հակամարտություններ։

Ճանաչելով Վրաստանի տարածքում բոլոր ներքին տեղահանվածների , փախստականների եւ նրանց ժառանգների վերադարձի իրավունքը` անկախ նրանց ազգությունից եւ էթնիկ պատկանելությունից, բանաձեւը կոչ է անում վերադարձի ժամկետներ սահմանել։

Այս բանաձեւին կողմ են քվեարկել 57 երկրներ, ձեռնպահ` 74-ը, դեմ` 13-ը։ Հայաստանից բացի բանաձեւի ընդունմանը դեմ են արտահայտվել նաեւ Ռուսաստանը, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Վիետնամը, Կուբան, Լաոսը, Նիկարագուան, Շրի Լանկան:

Բանաձեւի ընդունումից հետո ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայան, շնորհակալություն հայտնելով բանաձեւի աջակիցներին, հայտարարել է, որ Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից շուրջ 400 հազար փախստականներ են ապրում «հայրենի հողերը վերադառնալու հույսով»: Վրացի դիվանագետը կատարվածը բնորոշել է որպես « էթնիկ զտում»:

« Սա հզոր ազդանշան է առ այն, որ միջազգային հանրությունը կանգնած է բոլոր բռնի տեղահանվածների եւ փախստականների թիկունքին, ինչպես իմ երկրում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում», - հայտարարել է Լոմայան։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Պանկինը բանաձեւը որակել է «քաղաքականացված»` ընդգծելով, որ փաստաթուղթը վտանգում է Ժնեւյան բանակցային գործընթացը։

Հայաստանը պաշտոնական որեւէ պարզաբանում չի տվել, թե ինչու է դեմ քվեարկում բանաձեւին:

Հայաստանցի փորձագետները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում կարծիք հայտնեցին, որ Հայաստանը չպետք է միանշանակ բացասական դիրքորոշում հայտներ բանաձեւի առնչությամբ, քանի որ բանաձեւը արժանացել է արեւմուտքի եւ միջազգային հանրության աջակցությանը:

«Հայ - վրացական հարաբերությունները շատ կարեւոր են, եւ Հայաստանը պետք է շատ զգույշ լինի, բացահայտ չհարվածի Վրաստանին` հանուն Ռուսաստանի եւ հանուն հայ - ռուսական հարաբերությունների», - կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի դեմ քվեարկելը, բացի Ռուսաստանի գործոնից, բացատրում է նաեւ նրանով, որ Վրաստանը նախկինում կողմ է արտահայտվել ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջ քաշած նախագծերին: Սակայն փորձագետը կարծում է, որ Հայաստանը պետք է ոչ թե դեմ, այլ ձեռնպահ քվեարկեր Վրաստանի առաջարկած փաստաթղթին:

«Գոնե Հայաստանը ձեռնպահ մնար. տեսեք` ինչ ցանկի մեջ ընկավ Հայաստանը: Վրաստանի դեմ են քվեարկել ամենատոտալիտար, ամենավարկաբեկված երկրները` Սուդանը, Վենեսուելան, Կուբան… ԱՄՆ-ը, մյուս ժողովրդավարական երկրները տեսնում են չէ՞, թե մենք ում հետ միասին քվեարկեցինք Վրաստանի դեմ», - ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG