Մատչելիության հղումներ

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հինգշաբթի օրը կայացած կառավարության արտագնա նիստում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց գնաճի վերաբերյալ ամփոփ ցուցանիշները:

«2011 թվականի հունիսի սպառողական գների ինդեքսը մայիս ամսվա նկատմամբ կազմել է 98.6 տոկոս, այսինքն գների մակարդակը մեկ ամսում նվազել է 1.4 տոկոսով», - տեղեկացրեց Մնացականյանը:

Արդյունքում, ըստ ԱՎԾ-ի, 2011 թվականի հունիս ամսին 2010 թվականի դեկտեմբերի նկատմամբ գնաճի ինդեքսը կազմել է սպառողական գների մասով` 103.5 տոկոս, 2011 թվականի հունիսին 2010 թվականի հունիսի նկատմամբ` 108.5 տոկոս, 2011 թվականի հունիսին 2010 թվականի նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 107.8 տոկոս, իսկ 2011թվականի հունվար-հունիսին 2010 թվականի հունվար-հունիսի նկատմամբ սպառողական գների ինդեքսը` 109.9 տոկոս:

Գնաճի ցուցանիշները լսելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց հետեւյալը. - «Մենք վերադառնում ենք գնաճի այն ցուցանիշներին, որ Կենտրոնանակ բանկը ծրագրավորել էր: 1.4 տկոսանոց գնանկումը նշանակում է, որ մենք մտնում ենք դեֆլյացիոն փուլ եւ այդ փուլը եւս երկու ամիս պետք է շարունակվի: Տարվա սկզբից մենք ունենք 3.5 տոկոսանոց գնաճ, ակնկալվում է, որ հուլիս-օգոստոսին եւս կարձանագրվի գնանկում»:

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թվականների ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Հայաստանի պետական պարտքն այսօր շուրջ 4 միլիարդ դոլար է, որից կես միլիարդը ներքին պարտքն է, 3.5 միլիարդը` արտաքին: Հայաստանի պետական պարտքը 2008-ից ի վեր ավելի քան կրկնապատկվել է: Համաձայն պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի` եթե 2011-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 41.3 տոկոսը, ապա հետագա 3 տարիներին այն համապատասխանաբար կկազմի ՀՆԱ-ի 41.1, 39.5 եւ 38.1 տոկոսը:

Կառավարությունը նախատեսում է այս տարի մոտ 190 միլիոն դոլար ծախսել պետական պարտքի մարման վրա, ինչը կազմում է պետական բյուջեով նախատեսված ծախսերի 7 տոկոսը:

Դեռ այս տարվա սկզբին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե արտաքին պարտքի այժմյան մակարդակի պայմաններում 2013-2014 թվականներին Հայաստանը ի զորու չի լինելու վճարել վարկային տոկոսները` հայտնվելով դեֆոլտի իրավիճակում:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ասում է, որ պարտքի կառավարման ռազմավարության մեջ կառավարությունը անդրադարձել է այդ հարցին:

«2010 թվականից մենք, միջազգային կառույցների հետ աշխատելով եւ նրանց մեթոդիկան օգտագործելով, իրականանցնում ենք պարտքի կայունության վերլուծություն: Մեր պարտքը մոտենում է ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններին` 44-45 տոկոս , եթե ունենանք փոխարժեքի տատանումներ (քանի որ մեզ մոտ պարտքը հիմնականում ձեւավորված է արտաքին աղբյուրներից), ապա տոկոսը համապատասխանաբար կարող է բարձրանալ կամ իջնել, այսինքն մենք գտնվում ենք 40-50 տոկոսի միջակայքում», - ասաց նախարարը:

Նախարարը չի կարծում, որ այդ թիվը սարսափելի ու անկառավարելի է:

«Մենք ունենք պարտք, որը զգալի է մեր երկրի համար, որը արդյունավետորեն պետք է կառավարվի, սակայն կայունության տեսակետից այն խնդրահարույց չէ», - պնդում է Վաչե Գաբրելյանը:

Ֆինանսների նախարարը խնդիրը դիտարկում է մեկ այլ տեսանկյունից:

«Մեր պարտքի շատ մեծ կտոր ներառված է այն ծրագրերում, որոնցով հետագայում մենք վարկավորում ենք տնտեսությունը: Այդ բոլոր ծրագրերը աշխատում են շատ հաջող, ես չասեմ բոլոր ծրագրերը, բայց կան ռուսական վարկից նման ծրագրեր, Kfw-ից ներգրավված միջոցներ, եւ տարիների փորձը վկայում է, որ նրանք չունեն խնդիրներ վերադարձի հետ կապված: Ըստ էության, պարտքի այդ բեռը ընկնում է ոչ թե հարկային եկամուտների, այլ տնտեսվարող սուբյեկների տնտեսության վրա, որը նույնպես ունի դրական աճ», - ասաց նախարարը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG