Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը, ըստ նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանի, եւս մեկ անգամ ապացուցեց, որ «զբաղված է իմիտացիայով», «որեւէ բացահայտում իրականացնելու նպատակ չունի» եւ «ընդամենը ժամանակ է ձգում»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հայտարարությանը, թե փորձաքննությամբ հնարավոր չի եղել պարզել Youtube-ում տարածված կադրերում ցուցարարների վրա հորիզոնական ուղղությամբ կրակոցներ արձակող ոստիկանների ինքնությունը, Քոչարյանը ասաց, որ դա ցույց է տալիս, որ ՀՔԾ-ն անգամ ձեռքի տակ եղած ակնհայտ փաստերը փորձում է անտեսել:

«Ո՞նց կարելի է ասել` հնարավոր չէ: Կամ` փորձաքննություն ենք նշանակել, համակարգչային տեխնիկան կամ մասնագետները չեն կարողանում նույնականացնել, թե կրակողն ով է… Չէ՞ որ այդ կադրերում կա ավելի շատ ինֆորմացիա` կոնկրետ վայրը, ժամը, ստորաբաժանումներ, ծառայողներ: Անընդհատ հայտարարում են, որ եւս հարյուր հոգու հարցաքննել են եւ արդյունք չկա», - ասաց Քոչարյանը` տարակուսելով. - «Հետաքրքիր է, այդ պատահական մարդկանց ինչո՞ւ եք հարցաքննում: Ինչո՞ւ չեք հարցաքննում այդ դրվագում առկա ոստիկանական ստորաբաժանումների զինծառայողներին եւ պատասխանատուներին»:

Նա ասաց, թե քննչական խումբը խուսափում է այս մասով որեւէ բացահայտում անել, որովհետեւ չի ուզում ընդունել այն փաստը, որ ոստիկանները իրականում ցուցարարների վրա նշանառու կրակոցներ են արձակել. - «Որովհետեւ պետք է նախ բացատրեն, թե ոստիկանը ինչու է նշանառու կրակոց արձակում ցուցարարների ուղղությամբ: Հաջորդը` պետք է պարզվեր, թե այդ կրակոցի արդյունքում կա՞ն հետեւանքներ, տուժողներ կա՞ն, թե՞ չէ: Վերջին հաշվով կան մահվան դեպքեր` հրազենային կրակոցների առկայությամբ»:

«Կլինեն բազմաթիվ տեսանյութեր», - շարունակեց նախկին Փաստահավաք խմբի անդամը: - «Նույնիսկ եթե դեմքերը երեւան, նախաքննական մարմինը, համոզված եմ, կասի` այդ դեմքը այդ մարդը չէ… Ես այդպիսի տպավորություն եմ ստացել նրանց այսօրվա պահվածքից»:

Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ` քանի որ ինչպես անցած երեք տարիների, այնպես էլ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո անցած երկու ամիսների ընթացքում քննչական խումբը զբաղվել է իմիտացիայով, այն պետք է լուծարվի եւ դրա փոխարեն պետք է ստեղծվի մեկ այլ` հասարակության վստահությունը վայելող խումբ, որը կիրականացնի լիարժեք բացահայտումներ:

«Ավելին` արդեն եկել է ժամանակը, որ խմբի ղեկավարը անգործության համար կրի լուրջ պատասխանատվություն, եւ հարցը պետք է բարձրացվի: Եվ գործող նախագահի կողմից իր հրահանգները չկատարելը պետք է ի ցույց դրվի... Եվ դա չանելը պարզապես սաբոտաժ է, սաբոտաժ է նույն գործող իշխանությունների համար եւս: Չնայած ես համոզված եմ, որ իշխանությունները հրահանգ այդպես էլ չեն տվել, որ պետք է իրականացվի մարտի 1-ի բացահայտումը: Որովհետեւ բացահայտել` նշանակում է գտնել պատասխանատուներին, իսկ պատասխանատուները այսօր գտնվում են իշխանության վերին օղակներում, եւ իրականում որեւէ մի օղակ բացահայտելու դեպքում կբացահայտվի ամբողջ շղթան»:

Ընդդիմադիր գործիչը աբսուրդային համարում քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հայտարարությունը, թե իրենց հայտնի է դարձել այն անձը, ով վերջին շրջանում Youtube-ում տեղադրում է Մարտի 1-ի իրադարձությունների կադրերը, եւ նա առաջիկայում հարցաքննվելու է:

Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ` քննչական խումբը ուղղակի փորձում է թույլ չտալ, որպեսզի նոր կադրեր ի հայտ գան. - «Իրենց ցանկություն էր, որ ով ինչ ինֆորմացիա ունի, փոխանցի իրենց: Այդ անձնավորությունը եթե այդ միջոցով ինֆորմացիա է փոխանցել, պետք է պարզապես շնորհակալություն հայտնել այդ մարդուն եւ ոչ թե հարցաքննել: Այստեղ էլ է երեւում աբսուրդը… Պետք է հարցաքննվի ոչ թե այդ մարդը, այլ այն ոստիկանները, այն ստորաբաժանումների ծառայողները, որոնք երեւում են այդ կադրերում»:

«Իրենք սարսափած են, որ կան իրենց տնօրինությունից դուրս գտնվող փաստեր, որ մերթ ընդ մերթ դուրս են գալիս տարբեր ճանապարհներով, եւ դա բերում է նրան, որ նախաքննական մարմինը հայտնվում է այսպիսի հիմար վիճակներում», - եզրափակեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG