Մատչելիության հղումներ

Գյումրիում այսօր վաղ առավոտից չեն աշխատում Երեւան մեկնող միկրոավտոբուսները:

Մարդիկ Գյումրիի ավտոկայանում երկար սպասելուց հետո կամ տուն էին վերադառնում, կամ էլ ճարահատյալ 2500-3000 դրամ վճարում` տաքսիներով Երեւան հասնելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում Երեւան ուղեւորվել ցանկացող մարդիկ իրենց զայրույթն էին արտահայտում այդ կապակցությամբ: Ոմանք ասում էին, որ Երեւան չեն կարողանում հասնել, քանի որ այնտեղ այսօր կայանալու է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Ավտոկայանում որեւէ պատասխանատու չկար, տնօրենն ու մյուս պատասխանատուները Երեւան խորհրդակցության էին մեկնել: Գյումրի-Երեւան երթուղին սպասարկող «Տրանսակնթարթ» ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:

Ավտոկայանի ավագ ենթակարգավար Գագիկ Ավետիսյանը միայն հատուկ ցուցումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տվեց հետեւյալն պարզաբանումը. - «Ուղեւորահոսքը այս կողմից շատ է, Երեւանից` քիչ: Հիմա մենք 2 անսարք մեքենա ունենք, երկու մեքենա գնացել են [Երեւան], երեխաներին տարել են հանգստի վայր, 13 մեքենա առավոտ ժամը 7-ից գնացել են Երեւան: Քանի որ ուղեւորահոսքը Երեւանում քիչ է, սպասում ենք, որ [միկրոավտոբուսներում] կարողանան հավաքել ուղեւորներին, գան, հասնեն Գյումրի, որ այստեղից նորից ճանապարհենք»:

Միկրոավտոբուսների պասարկման հաճախականությունը, ըստ Ավետիսյանի, կախված է ուղեւորահոսքից: Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը պարզապես «համընկել է միտինգի» հետ:

«Մենք քաղաքականության հետ գործ չունենք, եթե հրահանգ լիներ, նույնիսկ տաքսիներին չէինք թույլատրի աշխատել», - ասաց ավագ ենթակարգավարը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG