Մատչելիության հղումներ

«Կրակելով, դուբինկայով, էլեկտրաշոկով», - ըստ «Փրո փոուզ» եւ «Փրկենք կենդանիներին» բարեգործական կազմակերպությունների ղեկավարների, անդամների ու կամավորների այսօր թափառող շների դեմ տարվող պայքարն իրականացվում է հենց այս մեթոդներով:

Խնդիրը բարձրաձայնելու նպատակով կազմակերպիչներն ու կամավորները իրենց բողոքներն առաջինը գրառեցին քաղաքապետի «Ֆեյսբուք»-ի էջում:

Այնուհետեւ բողոքի ակցիան դուրս եկավ «Ֆեյսբուք»-ի շրջանակներից: Երիտասարդները հավաքվեցին Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ` իրենց որոշումները տեսականից գործնականի վերածելու համար:

Քաղաքապետարանի կողմից միակ լիազորված կազմակերպությունը «Յունիգրաֆ Իքս»-ն է, որը զբաղվում է թափառող շների խնդիրներով: Հետեւաբար բոլոր բողոքներն ուղղված են հենց այս կազմակերպության դեմ:

«Յունիգրաֆ Իքս» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը համաձայն չէ իրենց ներկայացվող մեղադրանքին: Նա շեշտում է. - «Մեր ընկերությունը թափառող շների դեմ պայքար իրականացնում է երկու մեթոդով` ստերջացում եւ քնեցում: Բռնում ենք, տանում կլինիկա, ստերջացնում եւ բաց ենք թողնում, իսկ որոնք ծեր են, վարակակիր, ագրեսիվ, չափերով մեծ` քնեցնում ենք»:

«Փրկենք կենդանիներին» բարեգործական կազմակերպության ղեկավար Նունե Մեհրաբյանը չի համաձայնում Լիլիթ Գրիգորյանի հետ. - «Փողոցային որսորդները բժիշկներ չեն, որ փողոցում կարողանան որոշել որին ինչ անել, եթե չեն կարողանում որսալ, տեղում գնդակահարում են: Ի՞նչ լաբորատորիաների եւ ուսումնասիրությունների մասին է խոսքը, մենք չենք հասկանում»:

Լիլիթ Գրիգորյանն ասում է. - «Մեր աշխատակիցները շատ ծանր աշխատանք են կատարում, եւ 15-20 երիտասարդ, հասարակական կազմակերպություններ, որոնք ծանոթ չեն մեր կատարած աշխատանքին, վեր են կենում և անպատասխանատու արտահայտություններ են անում, վարկաբեկում են մեր կազմակերպության անունը: Եթե այսպես շարունակվի, մենք պետք է պատասխանատվության կանչենք նրանց եւ ապացույցներ պահանջենք»:

XS
SM
MD
LG