Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ


Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.
Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր կայացած հեռախոսազրույցում ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ, փոխանցել առողջության եւ հաջողությունների բարեմաղթանքներ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների, ինչպես նաեւ Կազանում վերջերս կայացած հանդիպման եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների «բովանդակալից եւ կառուցողական» բանակցությունների ընթացքում ցուցաբերած հյուրընկալության համար:

Մեդվեդեւը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանը Ձեր ղեկավարությամբ վստահորեն ընթանում է պետական շինարարության, սոցիալ-տնտեսական վերափոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ճանապարհով: Հանրապետության կայուն, առաջընթաց զարգացման շնորհիվ Դուք իրավամբ հեղինակավոր քաղաքական գործչի համբավ եք ձեռք բերել: Մեծ հարգանք է ներշնչում Ձեր անձնական նշանակալի ներդրումը ռուս - հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Գնահատում եմ մեր կանոնավոր եւ արդյունավետ շփումների ընթացքում ձեւավորված մթնոլորտը, որը նպաստում է երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի կառուցողական քննարկմանը»:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնում, որ երկու պետությունների միջեւ համագործակցության խորացումը եւ տարածաշրջանային միավորումների շրջանակներում սերտ համակարգումը «ռուս - հայկական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, Անդրկովկասում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւորագույն գործոն է»:

Հայաստանի նախագահը այսօր դարձավ 57 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG