Մատչելիության հղումներ

Հայաստանցիների 44 տոկոսը համարում է, որ երկրի կառավարման լավագույն ձեւը ժողովրդավարությունն է, իսկ ազգային էկոնոմիկայի կարգավորման ամենաարդյունավետ համակարգը` շուկայական տնտեսությունը: Սա են վկայում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ)` չորեքշաբթի օրը հրապարակած համատեղ զեկույցի տվյալները:

«Կյանքն անցման շրջանում» անունը կրող այս հետազոտությունն անցկացվել է Կենտրոնական Եվրոպայի, հետխորհրդային տարածքի 33 պետություններում եւ Թուրքիայում: Հետազոտության նպատակն է պարզել, թե ինչ ազդեցություն է թողել համաշխարհային տնտեսական ճգնաժամը պետությունների այս խմբի վրա:

Արեւմտյան մասնագետները պնդում են, որ Հայաստանի պարագայում ճգնաժամն ազդել է տնային տնտեսությունների 62 տոկոսի վրա: Համեմատության համար` Ադրբեջանում այդ ցուցանիշը 55, իսկ Վրաստանում` 54 տոկոս է:

Վերլուծաբանները նաեւ պնդում են, որ Հայաստանում ամենալուրջ խնդիրը փոխադարձ վստահության պակասն է: Եթե 2006 թվականին միմյանց վստահում էր հայաստանցիների շուրջ 30 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը գրեթե քառապատիկ անկում է արձանագրել` հասնելով 8 տոկոսի: «Հետազոտվող տարածաշրջանում սա ամենացածր ցուցանիշն է», - արձանագրում են զեկույցի հեղինակները:

Նրանք, սակայն, նկատում են, որ պետական հաստատությունների նկատմամբ վստահությունը վերջին տարիներին որոշակիորեն աճել է: Այդուհանդերձ, նախագահին, կառավարությանն ու խորհրդարանին վստահող հայաստանցիների թիվը չի գերազանցում 33 տոկոսը:

Վստահության ամենաբարձր ցուցանիշն ունեն Զինված ուժերը:

Վերջին հարցման համեմատ վստահության ամենամեծ անկումը Հայաստանում արձանագրել է եկեղեցին: «Կրոնական հաստատություններին վստահող հայաստանցիների թիվը նվազել է 40 տոկոսով», - արձանագրում են զեկույցի հեղինակները:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Համաշխարհային բանկի մասնագետները նաեւ նկատում են, որ Հայաստանում առավել լուրջ խնդիրներից է շարունակում մնալ կոռուպցիան: Հարցվածների 20 տոկոսը նշել է, որ վերջին մեկ տարում կաշառք է տվել որեւէ պետական հաստատությունում, 25 տոկոսը խոստովանել է, որ ստիպված է եղել կաշառել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Ընդհանուր առմամբ, հայաստանցիների միայն 20 տոկոսն է կարծում, որ երկրում վերջին չորս տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակը նվազել է, նշված է զեկույցում:

«Հարկ է նշել, որ Հայաստանի բնակչության միայն 22 տոկոսն է բավարարված կյանքի որակով», - նշում են հետազոտության հեղինակները, նկատելով նաեւ, որ այս ցուցանիշն անկում է արձանագրել սոցիալական գրեթե բոլոր խմբերում` բացառությամբ ամենաբարձր եկամուտի տեր մարդկանց:

«Հայաստանցի հարուստների շրջանում կյանքի որակից բավարարված է ամեն երկրորդը», - պնդում են եվրոպացի փորձագետները` նաեւ նշելով, որ հայերը հետխորհրդային տարածքի ամենահոռետես ազգերից մեկն են:

«Հայաստանցիների միայն 33 տոկոսն է կարծում, որ իրենց զավակներին լավ ապագա է սպասում: Լավատեսների քանակը Հայաստանում 2006 թվականից ի վեր նվազել է շուրջ 10 տոկոսով», - փաստում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Համաշխարհային բանկի համատեղ զեկույցի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG