Մատչելիության հղումներ

«Կառավարությունը անհետ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ շատ անելիքներ ունի»


Հունիսի 29-ը Հայաստանում համարվում է ղարաբաղյան պատերազմի հետեւանքով անհետ կորածների օր: Այդ կապակցությամբ հարգանքի միջոցառումներ են տեղի ունեցել Հայաստանի մի շարք քաղաքներում:

Վանաձորում անհետ կորածների ընտանիքները շարունակում են հավատալ, որ իրենց հարազատները կենդանի են: Վանաձորցի Վահե Եղշատյանի մայրը` Սիրուշ Հակոբյանը հույս ունի, որ որդին օրերից մի օր տուն կվերադառնա: Նրա խոսքով` իր համար ծանր էր որդուն մահացած ճանաչել, բայց այլընտրանք չուներ, ընտանիքի իրավական խնդիրները լուծելու համար է այդ քայլին գնացել:

Անհետ կորածների հարազատները կառավարության սոցիալական աջակցությունից օգտվելու համար իրենց հարազատներին մահացած են ճանաչում: Այս պարագայում անհետ կորածների իրավական կարգավիճակը հավասարեցվում է զոհված ազատամարտիկների կարգավիճակին:

Կառավարությանն առընթեր Գերիներ, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով այսօր մասնակցում էր Վանաձորում կազմակերպված հիշատակի միջոցառմանը, հրադադարից հետո աջակցել է գերիների եւ ռազմագերիների վերադարձմանը: Նա ասում է, որ կառավարությունը անհետ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ, մասնավորապես, օրենքի ընդունման գործում դեռեւս շատ անելիքներ ունի:

«Անհետ կորածների մասին» օրենքը նախապատրաստական վիճակում է: Օրենքում հստակ նշվում այդ ընտանիքների` պետական մակարդակով հոգածության մասին», - ասաց Ալավերդյանը` հավելելով, թե օրենքը հավանաբար աշնանը կուղարկվի Ազգային ժողով:

Անցած մեկ տարում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում հավաքագրել են Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով անհետ կորածների տվյալները: Դրանք անհետ կորածների վերաբերյալ բազմաշերտ տեղեկություններ են ներառում` սկսած արտաքին տեսքից, հագուստից, հիվանդություններից մինչեւ նրանց կորչելու հանգամանքները: Այս տվյալների հիման վրա հայկական ու ադրբեջանական կողմերը առաջիկա տարիների ընթացքում կսկսեն իրականացնել արտաշիրիմում` յուրաքանչյուրն իր տարածքում որոնելով ԿԽՄԿ-ի ներկայացրած ցուցակներում առկա մարդկանց: Որոնման արդյունքների հիման վրա ստացված տվյալների ու Կարմիր Խաչի տվյալների նույնականացման միջոցով հնարավոր կլինի հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը:

Լարիսա Ալավերդյանը, սակայն, թերահավատ է, որ Ադրբեջանը կհամագործակցի այս ուղղությամբ:

«Ունենք ավելի քան 200-ից ավելի վկայություններ, երբ ադրբեջանցիները չէին վերցնում իրենց զոհվածների մարմինները, երբ անգամ հայերը ժամանակավոր զինադադար էին հայտարարում: Իրենք այդ զոհվածներին ներկայացնում են որպես անհետ կորածներ` հետագայում ասելով, որ նրանք գերի են վերցվել եւ Հայաստանում սպանվել են», - ասաց պատգամավորը:

ԿԽՄԿ-ի տվյալներով` Հայաստանից անհետ կորածների թիվը հասնում է 407-ի, Լեռնային Ղարաբաղից` 449-ի, Ադրբեջանից` 3710-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG