Մատչելիության հղումներ

ՀԿ-ները կարծում են` «Ա1+»-ի վճիռը առանց իրավական հիմքերի է կայացվել


Լրագրողական եւ իրավապաշտպան 15 կազմակերպություններ կարծում են, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեն «Ա1+» հեռուստաընկերության գործը փակելու որոշումը կայացրել է առանց բավարար եւ իրավական հիմքերի:

Հունիսի 8-ին ԵԽ-ի նախարարների կոմիտեն պաշտոնապես արձանագրեց, որ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոպական դատարանի վճիռը, եւ գործը համարեց վերջնականապես փակված:

Հասարակական կազմակերպությունները հայտարարում են, որ Հայաստանի իշխանություններն այդպես էլ միջոցներ չձեռնարկեցին «Ա1+»-ի տեղեկատվության իրավունքը վերականգնելու ուղղությամբ: ՀԿ-ները վկայակոչում են Նախարարների կոմիտեի ձեւակերպումը, ըստ որի, պատասխանող երկիրը բացի նյութական փոխհատուցումից, պետք է հարկ եղած միջոցներ ձեռնարկի իրավախախտումները դադարեցնելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար:

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանի 2008 թվականի վճռից հետո Հայաստանի կառավարությունը «Ա1+»-ին վճարել է դրամական հատուցումը, սակայն արդեն 9 տարի փակված հեռուստաընկերությունը մինչ օրս եթերում չէ: Անցած տարի անցկացված հաճախականությունների մրցույթի արդյունքում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) 2010-ի դեկտեմբերի 16-ին որոշեց, որ «Ա1+» հեռուստաընկերության հետ հեռարձակման լիցենզավորման մրցույթում հաղթել է «Արմնյուզ» ընկերությունը: «Ա1+»-ը այժմ դատական կարգով բողոքարկում է ՀՌԱՀ–ի որոշումը։

Հայտարարությունը տարածած ՀԿ-ները արձանագրում են, որ «Ա1+»-ի գործն ավարտված համարելու մասին Նախարարների կոմիտեի որոշումը չի համապատասխանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք բանաձեւերին, որոնց միջոցով ԵԽ-ն Հայաստանի իշխանություններին բազմիցս կոչ է արել ապահովել լիցենզավորման բաց, արդար եւ թափանցիկ մրցույթների անցկացում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանը հայտարարեց, որ վաղաժամ է «Ա1+»-ի հարցը լուծված համարելը, որովհետեւ մինչ օրս «եթեր վերադառնալու որեւէ մի ձեւը ապահովված չէ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` Հայաստանի իշխանություններն են եվրոպացի չինովնիկներին համոզել «Ա1+»-ի հարցը փակված համարել:

«Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները համոզել են Նախարարների կոմիտեին, որ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են, մանավանդ որ այդ 30 հազար եվրոն մուծվել է, բայց Հայաստանում այդ բարենպաստ պայմանները չեն ստեղծվել «Ա1+»-ին եթեր վերադարձնելու համար: Եվրոպական դատարանի պահանջները մեր գնահատմամբ կատարված չեն», - ասաց Մելիքյանը:

Նունե Սարգսյանի գնահատմամբ` 2003-ի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ «Ա1+»-ի եթերազրկումից հետո բարդացել է հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծություն ապահովելու հարցը:

«Ա1+»-ի գործը ընդհանրապես կապված է Հայաստանի քաղաքականության եւ 2002-ից սկսված ընտրական գործընթացների հետ, եւ այդ պրոցեսը մինչեւ վերջ ավարտված չէ, ինչը եւ պատճառ է դառնում նրան, որ «Ա1+»-ը եթեր չի վերադառնում: 2002-ից սկսեց ավելի բարդանալ բազմակարծության հետ կապված հարցը հայկական եթերում», - ասաց Սարգսյանը:

«Ինտերնյուս»-ի ղեկավարը հստակեցրեց, որ խոսքը լրատվական դաշտում ազատություն եւ անկախություն ապահովելու միտումի մասին է:

«Համենայնդեպս, մինչեւ «Ա1+»-ի փակումը մենք գնում էինք որոշակի ճանապարհով, եւ հնարավոր է` դառնայինք ազատ մամուլ ունեցող երկիր, նախադրյալներ կային դրա համար: 2002-ից հետո ստեղծվեց շատ ավելի խիստ վախի մթնոլորտ նաեւ լրատվամիջոցների շրջանակում եւ այդ վախը տրանսֆորացիայի է ենթարկվել եւ դարձել է ուղղակի «հանկարծ ավելորդ բան չանելու» միտում», - կարծում է Սարգսյանը:

Ըստ նրա` Նախարարների կոմիտեն «Ա1+»-ի հարցը փակված է համարում մի իրավիճակում, երբ եթեր ունեցող հեռուստաընկերությունները տարիներ շարունակ հանդես են գալիս են որպես քաղաքական համակարգի մաս:

«Ես իսկապես շատ վաղուց չեմ օգտագործում անկախ բառը որեւէ լրատվամիջոցի մասին խոսելիս», -ասաց Նունե Սարգսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG