Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ երիտասարդները Հայաստանը թանկ երկիր են համարում զբոսաշրջության համար


Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալներով` հայաստանյան ներքին զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 14 տոկոսի աճ է գրանցվել` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայաստան այցելող սփյուռքահայերից շատերին, սակայն, ներքին զբոսաշրջության ոլորտում գրանցված աճը չի ոգեւորում հատկապես, երբ յուրաքանչյուր տարի Հայաստան այցելելիս գների կտրուկ աճ են նկատում:

Հոլանդիայի քաղաքացի` 23 ամյա Գեւորգ Խաչատրյանը, Հայաստան է այցելում գրեթե ամեն տարի: «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում, Գեւորգը նշեց, որ հայաստանյան գները հավասար են Եվրոպայի սակագներին:

«Որ ճիշտն ասեմ թանկ է: Էնտեղի մեր վաստակած գումարով, որ գալիս ենք էստեղ կարծում ենք մեզ համար հեշտ կլինի, բայց չէ, ինչ էստեղ վաճառվում է շատ թանկ է: 10 օրվա համար, մոտ 250-500 եվրո է պետք, դա շատ թանկ է»,-ասաց Գեւորգը:

Անուշ Գասպարյանը Լոնդոնից է, վերջին տասը տարվա ընթացքում պարբերաբար այցելում է Հայաստան` հիմնականում ամռանը: Կարծում է, որ անգամ արտերկրի քաղաքացու համար` հայաստանյան գները շատ բարձր են:

«Նկատելիորեն թանկացել է ամեն ինչ. պտուղը, միսը, բրինձը: Պարզ բաներն էնքան են թանկացել, որ անգամ որպես ֆունտ ծախսող դրսից եկողի համար` թանկ է: Շատ կաֆեներ ու շորերի խանութներ են բացվում, ամենն էլ արժեքները խայտառակ բաներ են: Երեւանի համար շատ ա թանկացել», - դժգոհեց Անուշը:

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Նարեկ Սեֆերյանը չի կիսում այն կարծիքը, որ Հայաստանը զբոսաշրջության համար թանկ երկիր է:

«Ես կհաշվարկեի օրեկան 100 դոլար` հյուրանոցում մնալով, եւ կասեի որ թանկ չէ, դա իրականությունն է: Դա լավ գին է, ինչ սուտ խոսեմ», - վստահ է Նարեկ Սեֆերյանը:

Մայարաքաղաքի կենտորնում Անուշ Գասպարյանը բազմաթիվ դրական փոփոխություններ է նկատում` բացառությամբ միմյանց հաջորդող բուտիկներից ու էլիտար շենքերից: Անուշը կարծում է, որ առավել մեծ թվով զբոսաշրջիկների գրավելու համար հարկավոր է պահպանել հին կառույցները` հակառակ դեպքում Երեւանը կորցնում է իր կոլորիտն ու վերածվում անհրապույր արհեստական քաղաքի:

please wait

No media source currently available

0:00 0:06:02 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG