Մատչելիության հղումներ

«Դասական երաժշտությունն ընդդեմ կոռուպցիայի». այսպես են վերնագրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն այսօրվա միջոցառումը:

Մասնակիցները նույն բուհի ուսանողներն են` ապագա երաժշտագետներ, դաշնակահարներ, վոկալիստներ:

«Մենք մեր մասնագիտական, ստեղծագործական ներուժով փորձում ենք հակազդել, ընդդիմանալ կոռուպցիային», - ասում է կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Գուրգեն Բավեյանը:

Ուսխորհրդի փոխխնախագահ Հովհաննես Այվազյանը համոզված է, որ կաշառք առաջարկելու առաջին քայլը լինում է դասախոսի կողմից. - «Եթե ուսանողը չհասկանա, որ դասախոսը կաշառք կվերցնի, նա երբեք ինքնակամ կաշառք չի առաջարկի, կվախենա»:

Նույն բուհի այս տարվա շրջանավարտ եւ ուսխորհրդի ակտիվ անդամ Լիլիթ Սանոսյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարի առաջին հերթին ուսանողը. - «Եթե ուսանողը ուսման մեջ ցուցաբերի բարձր առաջադիմություն, կոռուպցիան կնվազի»:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի ներկայացուցիչներն ու ուսանողները` իրենց պաստառներով:

Ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամ Նելլի Համբարձումյանը նշում է, որ իրենց բուհը եւս կկազմակերպի նմանատիպ միջոցառումներ արդեն սեպտեմբերին:

Գուրգեն Բավեյանը նշում է, որ բուհն այսօր մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր, որին անմիջական մասնակցություն ունեն ուսանողները. - «Առաջարկեցինք, որ քննություններին ու ստուգարքներին ներկա լինեն այլ ուսանողներ կամ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները: Առաջարկը հավանության արժանացավ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG