Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ` Կազանի հանդիպումից հետո էլ կարելի է պնդել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է եւ առաջիկայում պետք է սպասել նոր զարգացումների:

Կարապետյանը մատնանշում է այն, որ կողմերից գոնե մեկը այսօր էլ պատրաստ է ստորագրել հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը, իսկ միջնորդներն իսկապես շահագրգռված են ու արդեն հայտարարել են, որ գալու են տարածաշրջան:

«Ուզում եմ ձեզ հիշեցնել Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ստրասբուրգում առ այն, որ եթե Ադրբեջանը նոր առաջարկություններով հանդես չգա, ապա կարելի է գրանցել առաջընթաց: Նա որեւէ խոսք չասաց, որ մենք ունենք առաջարկություններ, չնայած ասաց, որ փաստաթուղթը «մեր երազած փաստաթուղթը չէ», թերեւս դրանով ուղերձ տալով միջազգային հանրությանը եւ մեր հասարակությանը, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը», - չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Կազան քաղաքում Ղարաբաղի հարցով կայացած եռակողմ բանակցություններից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե «ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ հանդիպումը բեկումնային չեղավ»:

Վլադիմիր Կարապետյանը կարծիք հայտնեց, թե համանախագահները այդ առաջարկները բերելու են Երեւան` քննարկելու, թե որոնք են ընդունելի հայկական կողմի համար:

«Արտգործնախարարի համար պետք է պատիվ լիներ, խոսել իր նախագահի մասին, եւ ասել, որ` քանի որ սեղանին մեր երազած փաստաթուղթը չէ, մենք ներկայացրեցինք առաջարկություններ, մենք ուզում ենք բարելավել, ավելի լավ փաստաթուղթ անել», - ասաց Կարապետյանը: - «Փաստորեն PR արվեց Ադրբեջանի նախագահին, որը մտահոգ է փաստաթղթի բովանդակության մասին եւ ներկայացնում է առաջարկություններ»:

ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, Հայաստանի պատվիրակության հիմնական ձախողումն այն էր, որ տեղում չարձանագրեց Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը եւ չհասավ այն բանին, որ համանախագահները բարձրաձայնեն դա` փաստորեն տպավորություն ստեղծելով, թե երկկողմանի մեղավորություն կա:

Պատերազմի վտանգ Վլադիմիր Կարապետյանը առաջիկա ամիսներին չի տեսնում` պայմանավորված երկու հանգամանքով: Նախ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի օրակարգում կա կետ` «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում» վերնագրով: Բացի այդ, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, Ադրբեջանը մեծ սպասումներ ունի ԵԽԽՎ-ի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովից, մասնավորապես, որ ձմեռային նստաշրջանում քվեարկության կդրվի բանաձեւ:

«Սա լրացուցիչ ճնշում կլինի հայկական կողմի վրա, ինչպես նաեւ դիրքային առավելություն կարող է ծառայել Ադրբեջանի համար: Դիվանագիտական ասպարեզում ունենալով լրջագույն կռվաններ` Ադրբեջանը կարծում եմ, առաջին հերթին կնախընտրի կենտրոնանալ ռեալիզացնելու այդ առավելությունները, եւ դրանից հետո միայն մտածել այլ միջոցների մասին», - նշեց Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG