Մատչելիության հղումներ

Պաղեստինցի պաշտոնյան ակնկալում է, որ Պաղեստին պետությունը առաջինը կճանաչի Հայաստանը


Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Նաբիլ Շաաթի հետ, Երեւան, 20-ը հունիսի, 2011թ.
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Նաբիլ Շաաթի հետ, Երեւան, 20-ը հունիսի, 2011թ.
Վերջերս Երեւան այցելած Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Շաաթը մամուլի ասուլիսում ասել է, թե 24 երկիր, այդ թվում` Հայաստանը, պատրաստ է ճանաչել Պաղեստին պետությունը:

«Նրանք մեզ տեղեկացրել են այդ մասին, ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` նշել է Շաաթը եւ հավելել, թե ակնկալում է, որ Պաղեստին պետությունը առաջինը կճանաչի Հայաստանը:

Հայաստանից պաշտոնական արձագանք, մեկնաբանություն չկա:

Պաղեստինը որոշել է իր անկախությունը ճանաչելու հարցը բարձրացնել սեպտեմբերին սկսվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Կիրակի օրը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, թե առանց Իսրայելի հետ բանակցությունների հեռանկարի, իրենք Պաղեստինի անկախության հարցը միակողմանի բարձրացնելու են ՄԱԿ-ում:

Պաղեստինյան պատվիրակությունները այցելություններ են կատարում տարբեր երկրներ, ուսումնասիրում տվյալ երկրի դիրքորոշումը, հորդորում ճանաչել Պաղեստին պետությունը:

Այցելություններ են կատարվում նաեւ Հարավային Կովկասի երկրներ: Նաբիլ Շաաթը վերջերս Հայաստան էր եկել, իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ադրբեջան է այցելել:

Աբասը երեքշաբթի օրն է ժամանել Բաքու, կայացել է նրա առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Բանակցություններից հետո պաշտոնական հաղորդագրություն է տարածվել: Ըստ հաղորդագրության՝ Ալիեւն ասել է, թե Ադրբեջանը պաշտպանում է Պաղեստին պետությանը միջազգային բոլոր կազմակերպություններում: Նրա խոսերով` Ադրբեջանը Պաղեստինի կողքին է ու կլինի նաեւ հետագայում:

«Մենք գտնում ենք, որ մոտ ապագայում պետք է ստեղծվի անկախ, ինքնիշխան Պաղեստին պետությունը, որի մայրաքաղաքը պետք է լինի Արեւելյան Երուսաղեմը: Սա մեր դիրքորոշումն է, որը մենք պաշտպանում ենք եւ կպաշտպանենք միջազգային բոլոր կազմակերպություններում», - ըստ պաշտոնական հաղորդագրության` հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Մի քանի ամիս առաջ Բաքվում բացվել է Պաղեստինի դեսպանատուն, եւ Իլհամ Ալիեւը սա կարեւոր իրադարձություն է համարել երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

Ադրբեջանա - պաղեստինյան բանակցություններում քննարկվել է նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ըստ հաղորդագրության՝ Մահմուդ Աբասն ասել է, թե ցանկանում են, որ Ղարաբաղի խնդիրը կարգավորվի, ընդհանուր խնդիրներ ունեն եւ ցանկանում են, որ դրանք լուծվեն ու մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ պայմաններում:

Իր խոսքում Մահմուդ Աբասն ասել է. - «Կան եւ ընդհանուր խնդիրներ: Ձեր հողերը նույնպես գտնվում են օկուպացիայի տակ»:

Պաղեստինի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին «Ֆրանսպրես»-ը նշում է, որ չնայած շատ երկրներ աջակցություն են հայտնում, բայց այդ հարցը ուժեղ դիմակայության է հանդիպում Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի կողմից, որոնք պնդում են, որ Պաղեստին պետությունը ճանաչելու առաջընթացը պետք է ձեռք բերվի Իսրայելի հետ բանակցությունների միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG