Մատչելիության հղումներ

IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բռնցքամարտով զբաղվում է 7 տարեկանից: Երեւանում բնակվելու տարիներին նա եղել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներից մեկը:

«Ես այս դպրոցում սովորել եմ, մարզվել եմ, լավ ընկերներ եւ մարզիչներ եմ ձեռք բերել: Դպրոցը մերն է` իր ամեն ինչով, լավ թե վատ կողմերով, եւ պետք է շնորհակալ լինենք», - ասում է բռնցքամարտիկը:

Արթուրը իր շնորհակալությունը Ենգիբարյանի անվան մարզադպրոցին եւ մարզիչներին արտահայտեց նվերներով: Պատրաստած նվերները ստանալու էին այն 75 մարզիկները, որոնք արդեն որոշ հաջողությունների են հասել բռնցքամարտում:

«Նվերները պետք է իրենց ոգեւորի, որ ավելի լավ մարզվեն, դառնան չեմպիոններ, որ հետո այդ նույն բանը իրենք անեն: Մեր սերունդին եթե մենք չօգնենք, ոչ ոք էլ չի օգնի», - ասաց աշխարհահռչակ մարզիկը:

Արթուր Աբրահամը կարիերան ավարտելուց հետո Հայաստանում որոշ ծրագրեր ունի: Այս մասին նա խոսել էր մի քանի օր առաջ հրավիրած ասուլիսում. ցանկանում է Հայաստանում բացել բռնցքամարտի դպրոց:

«Երեխաներին կրթելու նպատակներ էլ կան, բայց ես հիմա զբաղվում եմ իմ սպորտային կարիերայով եւ չեմ կարող ուրիշ բանով զբաղվել, որովհետեւ եթե ես մի գործ եմ անում, անում եմ պրոֆեսիոնալ», - հայտարարեց բռնցքամարտիկը:

Անդրադառնալով հայկական բռնցքամարտի ներկայիս վիճակին` Աբրահամը նշեց, որ լավ բռնցքամարտիկներ ունենք, բայց սիրողական մակարդակում. պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացած չէ Հայաստանում, սա է պատճառը, որ շատերը մեկնում են այլ երկրներ:

«Սիրողական բռնցքամարտում շատ ուժեղ, լավ երեխաներ կան, որոնք պրոֆեսիոնալ շուկա կարող են դուրս գալ: Մենք փոքր պետություն ենք, բայց արդեն Եվրոպայի մի քանի չեմպիոն ունի, ունի աշխարհի գավաթակիր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հաջողության հասնելու համար մեզ պակասում է ճիշտ մշակված համակարգը, որի ձեւավորումը, սակայն, մեծ գումարների հետ է կապված», - նշում է Աբրահամը:

Առաջիկա պլաններից խոսելով` մարզիկը նշեց. - «Դեռ Հայաստանում եմ, հանգստանում եմ, իսկ Գերմանիա կմեկնեմ երկու շաբաթից: Առաջիկա ծրագրերից ոչ մի կոնկրետ բան չեմ կարող ասել»:
XS
SM
MD
LG