Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերի խոսքով, Պենտագոնը չի կարող անտեսել այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար կարեւորագույն հիմնախնդիր է եւ էական դժվարություններ է առաջացնում այդ երկրների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններում:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ կարող է արդյունավետ լինել մի կողմից` Միացյալ Նահանգների, մյուս կողմից միմյանց հետ հակասություններ ունեցող հարավկովկասյան երկրների միջեւ համագործակցությունը, Սելեսթ Վոլանդերը ասաց. - «Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի մոտեցումը հետեւյալն է` կենտրոնանալ հատկապես այն ոլորտների ուղղությամբ, որոնցում մենք կարող ենք կառուցողական ու օգտակար օժանդակություն ցուցաբերել երկու երկրներին էլ: Այնպիսի օժանդակություն, ինչն այդ երկրներին հնարավորություն կտա մեծացնել իրենց ներդրումը միջազգային անվտանգության ամրապնդման գործում»:

Խոսելով Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների մասին` Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակն իսկապես շատ բարձր է եւ շարունակում է աճել:

«Սկսած այն պահից, երբ ես պատասխանատվություն ստանձնեցի պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, մենք ընդլայնեցինք համատեղ իրականացվող մի շարք միջոցառումներ` կենտրոնանալով առավել ռազմավարական ու երկարաժամկետ ծրագրերի վրա: Մենք ավելացրել ենք այն վարժանքների ու ծրագրերի թիվը, որոնց Հայաստանը մասնակցում է: Հայաստանն իր հերթին ընդլայնել է միջազգային գործողություններում իր ներգրավվածությունը, այդ թվում` բոլորովին վերջերս Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի կազմում իր ներկայությունը», - նշեց ամերիկացի պաշտոնյան:

Հարցին` որքանո՞վ կաող է արդյունավետ լինել Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ հանդիսացող Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` օրինակ, ՆԱՏՕ-ի ձեւաչափում, Սելեսթ Վոլանդերը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ին անդամակցության հանգամանքն իրենք չեն դիտարկում իբրեւ խոչընդոտ:

Խոսելով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին` Սելեսթ Վոլանդերը, մասնավորապես, կանգ առավ հայաստանյան սպաների կրթության եւ վերապատրաստման ծրագրերի վրա: Դրանց շրջանակներում մի շարք հայ զինծառայողների համար արդեն իսկ կազմակերպվում են եւ հետագայում էլ կկազմակերպվեն ամենամյա ուսուցողական սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Սա այն կարեւորագույն ոլորտներից է, որում մենք ընդլայնելու ենք մեր համագործակցությունը, քանի որ հենց այդպիսի ծրագրերի արդյունքում են ձեւավորվելու հայկական բանակի ապագա` կարող եւ ունակ ղեկավարները», - ասաց Վոլանդերը:

Նա հետագա համագործակցության զարգացման լավ ուղղություն համարեց նաեւ ռազմական բժշկության ոլորտը:

«Հայաստանը շատ բարձր որակավորում ունեցող կադրեր ունի, եւ մենք մտադիր ենք շարունակել օժանդակությունն այս ոլորտի մասնագետներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ ապահովելու հարցում, քանի որ ռազմաբժշկությունը ներկայումս դարձել է միջազգային գործողությունների իրականացման կարեւորագույն ասպեկտներից մեկը», - ասաց պենտագոնի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG