Մատչելիության հղումներ

Հորիզոնական ուղղությամբ կրակող ոստիկանների ինքնությունը չի պարզվել


Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան
Հատուկ քննչական ծառայությանը չի հաջողվել պարզել, թե ովքեր են այն ոստիկանները, ովքեր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Լեո-Պարոնյան հատվածում ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից հորիզոնական ուղղությամբ կրակոցներ են արձակում:

YouTube-ում հայտնված այս կադրերը Հատուկ քննչական ծառայությունը սկսել էր ուսումնասիրել անցած ամսվանից: Պարզվել է, որ կրակողները ոստիկանության աշխատակիցներ են, սակայն չի հաջողվել նույնականացնել նրանց դեմքերը:

«Տեսապատկերները ենթական չեն նույնականացման համակարգչային ավտոմատացված եղանակով: Մեր փորձագետների տրամադրության տակ ունեցած տեխնիկայի միջոցով այսօրվա դրությամբ արձանագրվել է, որ հնարավոր չէ», - այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Հարցին, թե արդյո՞ք հաջողվել է պարզել, թե ինչ զենքից են կրակում ոստիկանության աշխատակիցները, Վահագն Հարությունյանը պատասխանեց, թե տեսանյութում դա չի երեւում, եւ այդ հարցի պատասխանը տալու համար կնշանակվի փորձաքննություն: Նրա փոխանցմամբ` ըստ ոստիկանության տվյալների գործադրվել է АК-74 տեսակի ինքնաձիգներ` լուսածիր եւ անգնդակ փամփուշտներով, «Կոռնետ» տեսակի ատրճանակներ իրենց ռետինե փամփուշտներով, КС-23 հրացաններ, օգտագործվել է նաեւ «Չերյոմուխա-1» «Չերյոմուխա-5» արցունքաբեր նռնակներ, «Զարյա» եւ «Կասսետ» տեսակի լուսաձայնային նռնակներ եւ այլ զինատեսակներ:

«Թե այդ տեսանյութում կոնկրետ ինչ տեսակի զենք կամ հատուկ միջոց է կիրառվում, տեսանյութի որակից ու տեւողությունից ելնելով, հնարավոր չէ պարզել, համենայնդեպս այդ ուղղությամբ մենք կնշանակենք փորձաքննություն: Ձգաբանների եւ համակարգչային տեխնիկայի մասնագետների ներգրավմամբ կփորձենք պարզել, թե ինչ տեսակի զենքեր են այդ տեսանյութում կիրառվում», - ասաց Հարությունյանը` զենքի որեւէ տեսակի կիրառումը չբացառելով . - «Չի բացառվում «Կոռնետ» ատրճանակը, որը սովորական ատրճանակ է, արտաքինից ոչ մի բանով չի տարբերվում, սակայն այն անգնդակ փամփուշտներ է կրակում: АК-74 ինքնաձիգը օգտագործել են այդ օրը ե'ւ անգնդակ փամփուշտներով, ե'ւ լուսածրային մարտական փամփուշտներով: Այս պահին հստակ ասել, որ դա եղել է ատրճանակ, հատուկ միջոց, ինքնաձիգ, թե այլ տեսակի զենք, դեռեւս հնարավոր չէ»:

Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ դեռեւս չի ստացվել YouTube-ում հայտնված մեկ այլ տեսանյութի փորձաքննությունը, որը վերաբերում է մարտի 1-ին սպանված Գրիգոր Գեւորգյանին (տեսանյութը վերնագրված է «Դիպուկահարի կողմից գնդակահարված Գրիգոր Գեւորգյանը»): Հարությունյանը նշում է, որ այդ կադրերում սպանության պահը արձանագրված չէ:

«Այստեղ փորձաքննության կարիք էլ չկա, որ տեսնես, որ բուն սպանության, կրակոցի պահը այդ կադրերում արձանագրված չէ», - ասաց Հարությունյանը` հավելելով, որ տեսանյությում միայն երեւում է, թե որտեղ է գտնվել դիակը, եւ դա իրենք «գործով ունեին»:

Հարությունյանի խոսքով` այդ նույն հատվածում երկու հոգու` Գրիգոր Գեւորգյանի եւ Տիգրան Խաչատրյանի դիակներն են եղել:

Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց հայտնի է դարձել, թե ով է YouTube-ում տեղադրում մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված վերոհիշյալ տեսանյութերը, եւ առաջիկայում այդ անձը որպես վկա կհարցաքննվի:

Անցած երկու ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել է նախատեսված 600 վկաներից 100-ին, սակայն այդ հարցաքննությունները, ըստ էության, որեւէ նոր բացահայտման չեն հանգեցրել:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG