Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Ադրբեջանը սատարում է Պաղեստինի պետությունը»


«Ադրբեջանը սատարում է Պաղեստինի պետությունը բոլոր միջազգային կազմակերպություններում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ երեկ Բաքվում կայացած բանակցություններից հետո:

«Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում, ՄԱԿ-ի շրջանակներում բոլոր քննարկումների ժամանակ Ադրբեջանը Պաղեստինի կողքին է, եւ այդպես է լինելու նաեւ հետագայում», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Ալիեւը եւ հավելել. - «Մենք գտնում ենք, որ մոտ ժամանակներս պետք է ստեղծվի Պաղեստինի անկախ, ինքնիշխան պետություն, որի մայրաքաղաքը պետք է դառնա Արեւելյան Երուսաղեմը: Դա է մեր դիրքորոշումը, որը մենք պաշտպանում եւ պաշտպանելու ենք բոլոր միջազգային կազմակերպություններում»:

Նա կարեւորել է այն հանգամանքը, որ «առաջին անգամ Պաղեստինի պետության նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան»:

Ալիեւը հայտնել է նաեւ, որ «մի քանի ամիս առաջ սկսեց աշխատել Ադրբեջանում Պաղեստինի պետության դեսպանությունը»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հայտարարել է. - «Վստահ եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Մենք ցանկանում ենք լուծել այդ հարցը հնարավորինս շուտ եւ խաղաղ ճանապարհով»:

Մահմուդ Աբասը, իր հերթին, մասնավորապես, ասել է. - «Կան ընդհանուր խնդիրներ: Ե'վ ձեզ մոտ, ե'ւ մեզ մոտ: Ձեր հողերը նույնպես օկուպացման տակ են: Թե' դուք եւ թե' մենք ունենք փախստականներ: Կան ՄԱԿ-ի չորս հայտնի բանաձեւեր, որոնք վերաբերում են ձեզ` թիվ 822, 853, 874 եւ 884: Բոլոր այդ բանաձեւերը կոչ են անում խաղաղության: Մեր առնչությամբ կա ՄԱԿ-ի 15 եւ ավելի որոշում: Այդ բանաձեւերը նույնպես կոչ են անում խաղաղության»:

«Մենք ասում ենք, որ ավելի լավ է լուծել այդ խնդիրները այսօր, քան` վաղը: Որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք կլուծվեն վաղը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, փախստականների հիմնախնդիրը լուծվեն», - հայտարարել է Պաղեստինի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG