Մատչելիության հղումներ

Մոսկովյան հյուրանոցում բնակվող Բաքվից հայ փախստականներին ցանկանում են վտարել


Ռուսաստան - Մոսկվայի «Յուժնի» հյուրանոցում բնակվող փախստականները, 28-ը հունիսի, 2011թ.
Ռուսաստան - Մոսկվայի «Յուժնի» հյուրանոցում բնակվող փախստականները, 28-ը հունիսի, 2011թ.
Մոսկվայի «Յուժնի» հյուրանոցում սրվել է իրավիճակը սեփականատիրոջ եւ հյուրանոցի բնակիչների միջեւ, որոնք հիմնականում հայեր են` Բաքվից փախստականներ:

Այս իրավիճակի պատճառը գալիս է դեռ 1989 թվականի Բաքվի ջարդերից: Բաքվից Մոսկվա փախած հայերը ապաստանել են որտեղ պատահի, մի շարք ընտանիքներ ապաստանել են այս հյուրանոցում: 1990 թվականին ԽՍՀՄ-ի սովմինի որոշմամբ հյուրանոցի 8-րդ հարկը տրամադրվել էր 45 ընտանիքի: Տարիների ընթացքում նրանց թիվը նվազել է` ոմանք մահացել են, ոմանք հեռացել են Ռուսաստանից: Հիմա 10-ից ավելի ընտանիք է մնացել, եւ դատարանը վճռել է, որ նրանք պետք է վտարվեն «Յուժնի» հյուրանոցից, բայց բնակիչները այս որոշումը անօրինական են համարում եւ չեն ընդունում:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է պատրաստել այս մասին: Ռադիոկայանի թղթակցին հյուրանոցը հսկող պահակները թույլ չեն տվել մտնել հյուրանոց, իսկ ներսի մարդիկ էլ դուրս չեն եկել` վախենալով, որ իրենց այլեւս ներս չեն թողնի: Ստիպված` հարցազրույցները կատարվել են հեռախոսազանգերի միջոցով:

Անաիդա Միքայելյանցը պատմում է որոշումների մասին, որոնք այդպես էլ չեն կատարվել: Երբ այստեղ են տեղափոխվել, հյուրանոցը պետական էր, հետո սեփականաշնորհվել է, մի քանի անգամ վերավաճառվել, բոլոր սեփականատերերը ձգտել են հանել իրենց, հիմա էլ մեկ միլիոն ռուբլի (շուրջ 35 հազար դոլար) փոխհատուցում են առաջարկել եւ բնակարան Իվանովո շրջանի Ֆուրմանովո քաղաքում:

10 ընտանիքները հիմնականում թոշակառուներ են: «Մեկ միլիոն ռուբլով տուն չես գնի, իսկ Ֆուրմանովո գնալը արդեն երկրորդ տեղահանումը կլինի», - ասում է Միքայելյանցը:

Հունիսի 27-ին դատական որոշումների հարկադիր կատարողները եկել են վտարելու 10 ընտանիքների անդամներին: Նրանց փաստաբան Լեւ Ծատուրովը ասում է, որ հիմք չունեն այդ մարդկանց փողոց հանելու համար:

Հյուրանոցի տնօրեն Ալեքսանդր Մարկինը հրաժարվել է պարզաբանումներ տալ:

Հյուրանոցից դուրս է եկել միայն Լյուդմիլա Ստեփանյանը` իրավապաշտպաններին դիմելու համար: Երեքշաբթի օրվա դրությամբ` նրան այլեւս ներս չէին թողնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG