Մատչելիության հղումներ

Երեւանի պետհամալսարանի դասախոսների ընդամենը 30 տոկոսն են երիտասարդներ


Երեւանի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքը

Երեւանի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքը

Երեւանի պետական համալսարանի դասախոսների մոտ 30 տոկոսը երիտասարդներ են, 50-60 տոկոսը` միջին տարիքի, իսկ մնացյալը 60-ից բարձր տարիք ունեն: Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` խնդիրն այն չէ, որ կադրեր չեն կարողանում գտնել, այլ այն է, որ երիտասարդները երկար չեն մնում ցածր աշխատավարձի պատճառով:

«Գերազանց ավարտած ուսանողների մեծամասնությունը նախընտրում են ուսումը շարունակել արտասահմանում, լավ աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում այլեւս չեն վերադառնում», - ասում է Սիմոնյանը եւ հավելում, որ երիտասարդների համար դասախոսի աշխատանքը հրապուրիչ դարձնելու նպատակով անհրաժեշտ է սոցիալական փաթեթ մշակել:

Բացի այդ, կա եւս մեկ խնդիր. թոշակի տարիքի մարդկանց, եթե իհարկե անհրաժեշտ է, չես կարող հեռացնել աշխատանքից: Սիմոնյանը նկատում է, որ Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքն այս առումով բավական լիբերալ է. - «Դա նաեւ Եվրախորհրդի պահանջն է, այնտեղ պարզ գրված է, որ դուք իրավունք չունեք թոշակի տարիքի մարդուն առանց իր համաձայնության ուղարկել թոշակի, եթե մարդը չուզեց հեռանալ` դուք շատ դժվար կապացուցեք, որ նա չի համապատասխանում իր պաշտոնին: Ես այդ փորձը ունեմ` մի քանի հոգի գնացել են դատարան եւ վերականգնվել»:

Աշխարհագրության, երկրաբանության, կենսաբանության, մաթեմատիկայի մասնագետները հիմնականում 60-ն անց են, եւ նրանց փոխարինողներ այսօր չկան:

Երիտասարդ դասախոսներից շատերն աշխատում են 80-100 հազար դրամով: Գումարը, ըստ նրանց, բավարար է, եթե ինքդ չես հոգում ընտանիքիդ ծախսերը:

Ուսանողների կարծիքները տարբեր են: Ոմանք փորձի պակասի պատճառով չեն վստահում երիտասարդներին, իսկ շատերն էլ հակառակը` կարծում են, որ երիտասարդների դասախոսություններն ու մեթոդները շատ ավելի մատչելի են, շփումն էլ` անմիջական: Մեծահասակները շատ հաճախ չեն թարմացնում դասախոսությունները, չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին եւ այլն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG