Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Եթե երկխոսությունը արդյունքներ չտվեց` Հայաստանում տեղի է ունենալու ջրբաժան»


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանի համար մեծ պրոբլեմ է, որ «մեր անունից բանակցում է մի մարդ, որը Եվրոպայի խորհրդի ամբիոնից հայտարարում է, որ ինքը հակառակորդից վախենում է»:

Փաշինյանը, ով այսօր ժամանել էր Գյումրի` Կոնգրեսի տեղի ակտիվի հետ հանդիպման նպատակով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին` «աբսուրդ» բնորոշելով ստեղծված վիճակը:

«Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի ամբիոնից հայտարարում է, որ եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը առավելություն կստանա, գնում է Կազան, ու հետո մենք բոլորս զարմանում ենք, որ Ալիեւը կարծրացրեց դիրքորոշումը», - պարզաբանեց «Հայկական ժամանակի» խմբագիրը` կարծիք հայտնելով, որ բանակցությունների մեկնող մարդը իրավունք չունի իր մտքերն ու զգացումները ցույց տալ, եւ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ալիեւը կոշտացրեց դիրքորոշումը:

«Ալիեւները` հայրն էլ, որդին էլ, այս տարիներին, երբ եկել է պահը կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու, իրենց դիրքորոշումը կոշտացրել են, որովհետեւ տեսնում են, որ Հայաստանում ձեւավորված է մի իշխանություն, որը կործանում է Հայաստանը», - նշեց ընդդիմադիր գործիչը: - «Իշխանական ուժերին թվում է, որ իրենք են ժամանակ ձգում, որ պահում են ստատուս քվոն: Իրականում` Ալիեւն է ձգում ժամանակը»:

Փաշինյանի խոսքով, ամբողջ խնդիրը լեգիտիմության մեջ է. այս պահին լեգիտիմ իշխանություն ձեւավորելու միակ տարբերակը Հայ ազգային կոնգրեսը տեսնում է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մեջ: Նրա կարծիքով, այն փաստը, որ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել երկխոսել, ապացուցում է մի բան` «իշխանությունը հասկացել է իր անկարող, անգործունակ լինելը»:

«Դա հույս է տալիս, որ իշխանությանը կարելի է անցնցում եղանակով բացատրել, որ ինքը իր իրերը պետք է հավաքի եւ խաղաղ, հանգիստ հեռանա», - հայտարարեց «Հայկական ժամանակի» խմբագիրը:

Փաշինյանը հավելեց. - «Երկխոսությունը Հայ ազգային կոնգրեսի համար ունի ընդամենը մեկ նպատակ` սա առանց ներքաղաքական լարումների այս իշխանությունից ազատվելու վերջին հնարավորությունն է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ եթե երկխոսությունը կոնկրետ արդյունքներ չտվեց` Հայաստանում տեղի է ունենալու ջրբաժան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG