Մատչելիության հղումներ

Արարատում հուլիսի 3-ին քաղաքապետի ընտրություններ են


Երկրորդ անգամ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու հայտ է ներկայացրել գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կազմակերպության նախագահ Աբրահամ Բաբայանը: Նրան զարմացնում է ընտրությունների շուրջ բարձրացված աղմուկը:

«Հնչեղությունը շատ բարձր է, կարծես Փարիզի կամ Լոնդոնի քաղաքապետ են ընտրում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց Աբրահամ Բաբայանը:

Մյուս թեկնածուն` 2001-2007 թվականներին քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած, նախկին հանրապետական Հակոբ Թովմասյանն է, ով ներկայումս զբաղեցնում է Արարատի բնակարանային կոմունալ տնտեսության տնօրենի պաշտոնը:

Հակոբ Թովմասյանը գործող քաղաքապետի պաշտոնավարման տարիների վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս աղմկահարույց հայտարարություններով, մի շարք հարցերով դիմել է դատախազություն, եւ 7 ամիս շարունակ դատախազությունը չի կողմնորոշվում` հարուցե՞լ քրեական գործ, թե՞ ոչ:

«Ներկայիս քաղաքապետը, կեղծելով ավագանու որոշումները, քաղաքապետի որոշումները, իմ ստորագրությունները, գնել է համայնքի համար այնպիսի կարեւորագույն օբյեկտներ, ինչպիսիք են` մանկապարտեզ, պատկերասրահը, քաղաքապետարանի նիստերի դահլիճը», - որպես Աբրահամ Բաբայանի անօրինական գործողությունների օրինակ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հակոբ Թովմասյանը:

Գործող քաղաքապետը, մինչդեռ, ասում է. - «Ես կուզենամ, որ ընտրություններից հետո հետաքննություն արվի եւ պարզվի ամեն ինչ»:

Տեղացիները վստահ են, որ քաղաքապետի պաշտոնում կընտրվի այն թեկնածուն, որը վայելում է Արարատի մարզում զգալի ազդեցություն ունեցող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աջակցությունը:

Գործող քաղաքապետի խոսքով, ինքը նորմալ հարաբերություններ ունի թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Ալիկ Սարգսյանի հետ:

«Հովիկ Աբրահամյանը մեր մարզի բնակիչ է, Հանրապետությունում բարձրաստիճան այր է: Ունենք փոխադարձ հարգանք: Դուք Ալիկ Սարգսյան կհարցնեք` նույն պատասխանն եմ տալու: Կան շատ նորմալ հարաբերություններ, Աստծո տված բարեւը իրար կարողանում ենք շատ նորմալ տալ», - ասաց Արարատի գործող քաղաքապետը` Աբրահամ Բաբայանը, ընդգծելով, թե բոլոր դեպքերում, իրեն սատարելու է իր քաղաքի բնակչությունը:

Մյուս թեկնածուն` Հակոբ Թովմասյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե առանձնապես սերտ շփումներ չունի ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ոչ էլ Ալիկ Սարգսյանի հետ:
please wait

No media source currently available

0:00 0:05:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG