Մատչելիության հղումներ

logo-print
Նոր տեխնոլոգիաները գրավել են թե՛ մեծերի, թե՛ փոքրերի ժամանակի մեծ մասը: Այսօր հազվադեպ կարելի է հանդիպել մի երեխայի, ով իրեն պատկերացնի առանց համակարգչային խաղերի:

«Խաղում էինք «էշ-միլիցա», խաղում էինք քարկտիկ, «տըզ» էինք խաղում, էն որ մեկը [աչքերը փակում է], մյուսը խփում էր ականջին, [փակողն] էլ պիտի իմանար, թե ով էր խփում: Դե թող իմանար, ո՞նց իմանար», - ասում են ավագ սերնդի քաղաքացիները: - «Մենք ենք իսկապես խաղացել, իրանք ի՞նչ: Մենք խաղացել ենք «չլիկ-դաստա», «բանկա-փլավ». կանսերվայի բանկաները շարում էինք, [նա] ով պիտի փակեր, կանգնում էր էդ բանկաների դեմը, մեկը գալիս էր դրանք ուժեղ տշում էր: Հիմա չեն էլ հասկանում էդ խաղերից: Հիմա համակարգիչը թողեն «էշ-միլիցա» խաղա՞ն»:

Այսօրվա երեխաները` աղջիկ, թե տղա, ավելի շատ գերադասում են համակարգչային, ոչ թե բակային խաղերը:

«Հոգեբանական տեսակետից համակարգչային խաղերը այնպես են մտածված, որ հրապուրանք ունեն: Այնտեղ կա հաղթանակի հասնելու տարրը, այսինքն դրանք շատ մտածված են հրապուրիչ լինելու համար», - ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանի կարծիքով հենց այդ հաղթանակների հեշտությունն է գրավում երեխաներին, որ նրանք ժամերով պատրաստ են նստել համակարգչի առջև: Մինչդեռ սոցիալական միջավայրում շփումներն ավելի դժվար կարող են տրվել նրանց:

Ակնաբույժ Իրինա Պետրոսյանը փաստում է, որ հիմա երկու, երեք անգամ ավելացել է այն երեխաների թիվը, ովքեր դիմում են բժշկի` տեսողության հետ կապված խնդիրների պատճառով:

«Ցանկալի չէ փոքր տարիքում երկար զբաղվել համակարգչով: Մինչեւ 16 տարեկանը ակումուլյացիոն մկանը լավ զարգացած չէ, եւ եթե մոտիկ տարածության վրա երկար աշխատանք են կատարում` հիմնականում համակարգչային խաղեր են խաղում, այդ մկանը գտնվում է լարվածության մեջ, եւ բուժում չստանալու դեպքում դա բերում է կարճատեսության», - ասում է ակնաբույժը:

Հոգեբան Կարին Նալչաջյանն էլ հավելում է. - «Երեխան պետք է մեծանա մարդկային, բնական շփումների միջավայրում, եթե ոչ, ես գուցե էլի համարձակ բան եմ ասում, մենք գործ ունենք սոցիալական հաշմանդամների հետ»:


Էլեն Չիլինգարյան

XS
SM
MD
LG