Մատչելիության հղումներ

Երկխոսության գործընթացը «ամբողջությամբ ձախողված չէ»


Armenia -- Opposition leader Stepan Demirchian holds a news conference on December 16, 2009.

Armenia -- Opposition leader Stepan Demirchian holds a news conference on December 16, 2009.

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը չի համարում, թե ամբողջությամբ ձախողվել է արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ ՀԱԿ - իշխանություն երկխոսության գործընթացը:

Դեմիրճյանի համոզմամբ` ժամանակ դեռեւս կա, եւ «իշխանությունները պետք է հետեւություններ անեն»:

«Ես անձամբ հույսեր չունեմ: Ես կարծում եմ, որ իշխանությունը քայլեր կանի միայն հասարակական ճնշման դեպքում», - լրագրողների հետ հանդիպմանը հավելեց նա` շարունակելով. - «Արտահերթ ընտրությունները պետք է պարտադրվեն մեր բոլորի կողմից, հասարակության կողմից»:

«Երբ ասում եմ, որ դեռեւս ժամանակ կա, դա չի նշանակում, որ անվերջ սպասելու ենք: Ամեն ինչ իր լիմիտն ունի, ժամկետն ունի», - հայտարարեց նա:

Հարցին, թե ինչ է անելու ՀԱԿ-ը, երբ այդ լիմիտը վերջանա, Դեմիրճյանը արձագանքեց, որ ուժային մեթոդների չեն դիմելու, խոսքը հասարակական ճնշման մասին է. - «Մարդկանց մոտ հսկայական դժգոհություն է կուտակվել, եւ, բնականաբար, ընդդիմությունը կուղղորդի այդ ճնշումը»:

Փաստարկելով, թե ինչու է ընդդիմությունը պահանջում արտահերթ ընտրություններ` Դեմիրճյանը ընդգծեց, որ «[նախորդ] ընտրությունները կեղծվել են», անցած երեք տարիները ցույց են տվել, որ «իշխող վարչախումբը ձախողվել է բոլոր բնագավառներում», եւ մարդիկ համարում են, որ հերթական ընտրությունները հերթական անգամ կկեղծվեն:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել, որովհետեւ ո'չ դրա անհրաժեշտությունը կա, ո'չ էլ երկրի Սահմանադրությունը հնարավորություն է տալիս այդքան հեշտությամբ անցկացնել արտահերթ ընտրություններ: Սերժ Սարգսյանը նաեւ կոչ արեց ընդդիմությանը ակտիվորեն մասնակցել հերթական ընտրություններին:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը դեռ սպասում է երկխոսության շուրջ իշխանության քայլերին, ապա խորհրդարանական ընդդիմադիր «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ՀԱԿ-ը այսօր «փակուղու մեջ է»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սաֆարյանը նշեց, թե պատահական չէ, որ հերթական հանրահավաքը ՀԱԿ-ը նշանակել է հունիսի 30-ին, նպատակը Կազանի հանդիպման արդյունքներին սպասելն էր: Կոնգրեսի սպասումները, սակայն, չարդարացան, քանի որ, ըստ նրա, ՀԱԿ-ը հաշվարկել էր, թե Սերժ Սարգսյանը պարտադրված կլիներ ստորագրել մի փաստաթուղթ, որը դժգոհություններ կառաջացներ երկրի ներսում կամ, ժամանակ շահելու համար, ստիպված կլիներ վերադառնալ Հայաստան եւ կազմակերպել արտահերթ ընտրություններ:

«Այս պարագայում ՀԱԿ-ը ինքն իրեն դրել է բավականին վտանգավոր փակուղու մեջ, երբ ըստ էության հետ քայլ անել չի կարող, որովհետեւ կստացվի, որ ինքն է դավաճանում երկխոսության սկզբունքներին, իսկ առաջ քայլ անելու տեղ չկա, որովհետեւ իշխանությունը զրկել է նրան այդ հնարավորությունից եւ չի ընդունում նրա կազմավորած պատվիրակությունը եւ ընդհանրապես չի ընդունում նրա կողմից առաջարկված խաղի կանոնը», - ասաց Ստեփան Սաֆարյանը:

Հաշվի առնելով այն հայտարարությունները, որ հնչել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներում` Սաֆարյանը բացառում է, որ հունիսի 30-ի հանրահավաքում ՀԱԿ-ը կոշտացնի իր դիրքորոշումը կամ դիմի արմատական քայլերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG