Մատչելիության հղումներ

Պլաստիկ վիրահատություններից հայաստանցիներն ամենից շատ դիմում են քթի վիրահատության


200.000-ից 600.000 հազար դրամ, համարձակություն, վճռականություն և հնարավոր է ձևափոխել քիթը, ազատվել ավելորդ ճարպից, մեծացնել կրծքերը և այլն:

Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում 25 տարվա պատմություն ունի: 90-ականներից հետո այն սկսեց նոր թափ առնել:

«Որքան բարեկեցիկ են մարդիկ ապրում, այնքան ավելի շատ են կենտրոնանում իրենց արտաքինի վրա ու փորձում են շտկել ցանկացած մանրուք, որ իրենց դուր չի գալիս»,- փաստում է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի տնօրեն, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը:

Մեկ տարվա կտրվածքով Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում կատարվում է մինչեւ 1000 պլաստիկ վիրահատություն: Եթե 90 -ականներին պլաստիկ վիրաբուժության համար դիմում էին երկրաշարժից տուժածներ կամ, ասենք, այն տարիներին հաճախ օգտագործվող վառարանների պատճառով այրվածքներ ստացած մարդիկ, ապա պահանջներն ու մոտեցումներն այժմ փոխվել են:

Հաճախ սկսել են դիմել ճարպերից ազատվելու համար, իսկ ամենից շատ հայ տղաներին ու աղջիկներին դուր չի գալիս իրենց քիթը:

«Հաճախ չի ստացվում խուսափել վիրահատվել ցանկացողի ծայրահեղ ցանկություններից, երբ գալիս են այս կամ այն ամսագրի շապիկով ու շեշտում, որ հոլիվուդյան մի որեւէ աստղի քթի նման քիթ են ուզում»,- ասում է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովաննիսյանը:

«Քիթը պլաստիլին չէ, իսկ վիրաբույժը Աստված չէ, եւ խուսափել տհաճ հետեւանքներից, երբեմն չի ստացվում»,- շեշտում է Գագիկ Ստամբոլցյանը:

XS
SM
MD
LG