Մատչելիության հղումներ

Հունիսի 28-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Քանի որ կազանյան հանդիպումը ոչ մի արդյունքի չբերեց, մեր պատվիրակության անդամները հնարավորություն ունեն առանձնապես չտարածվել այն մասին, որ իրենք հակված էին ընդունել առաջարկվող սկզբունքները, իսկ Ադրբեջանը` ոչ: Պատճառը ներքին, հայաստանյան քաղաքական կոնյունկտուրան է: Մի կողմից` կա գայթակղություն միջազգային ասպարեզում ասելու` «մենք լավն ենք, գերազանցիկ ենք, ճկուն ենք, պատրաստ ենք փոխզիջումների», մյուս կողմից` «ներքին սպառման» տեսակետից դա հարմար չէ ասել` «ծախելու» մեղադրանքները չաշխուժացնելու մտավախությամբ»:

Թեման շարունակում է «Երկիր» օրաթերթը` գրելով. - «ԼՂ հարցում Կազանից հետո ստեղծվել է վակուումային այնպիսի իրավիճակ, երբ ո'չ բանակցողները եւ ո'չ էլ միջնորդները չգիտեն` ինչ է լինելու շարունակությունը: Վերջնագիծն ավելի նպաստավոր դիրքում հատելն այս անորոշության պայմաններում ոչ թե լիցքաթափվելու, այլ ջանքերը բազմապատկելու խնդիր է առաջադրում` ոչ միայն ամրապնդելու միջազգային հանրության համոզմունքը Ադրբեջանի ապակառուցողականության եւ ռազմատենչության, այլեւ նախկինում թույլ տրված սխալները սրբագրելու եւ հակամարտության խեղաթյուրված էությունը տարածքային վեճից դեպի ժողովուրդների ինքնորոշման հարթություն տեղափոխելու առումով: Սա այն քիչ առիթներից է, երբ ոչ թե մյուսների շահերին հարմարվելու, այլ իրական նախաձեռնողականություն ցուցաբերելու եւ դրանից ազգային շահերի համատեքստում դիվիդենտներ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել: Խնդիրն այն է, սակայն, թե որքանո՞վ է իրավիճակի առանձնահատկությունը գիտակցում իշխանությունը եւ որքանո՞վ է դրան պատրաստ»:

Արձանագրելով, որ հենց Ադրբեջանն է բանակցային կարեւորագույն հանգրվաններում կոշտացնում դիրքորոշումն ու տապալում բանակցությունները` «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը նկատում է. - «Այս պայմաններում Ադրբեջանն ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի ԼՂ հարցի կարգավորմամբ: Բաքուն ԼՂ հարցի կարգավորման մասին լրջորեն կմտածի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի անկման պրոցեսը դադարի, եւ մեր երկիրը սկսի ոտքի կանգնել թե ռազմաքաղաքական, եւ թե բարոյահոգեբանական իմաստով: Իսկ մինչ այդ` քանի դեռ ՀՀ-ում շարունակվում է անկման գործընթացը, Ալիեւն ավելի ու ավելի է կոշտացնելու դիրքորոշումը, այսպիսով բարձրացնելով իր երկրի նշաձողը` ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Որ դիվանագիտական կուլիսներում հենց այս գործընթացն է տեղի ունենում, դե ֆակտո հաստատեց Ռ. Քոչարյանի ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, հրապարակային խոստովանելով, որ տասը տարի ինքն ու Ռ. Քոչարյանը ցածրացրել են ԼՂ հարցի նշաձողը: Եթե իրենք ցածրացրել են, Ալիեւը բարձրացրել է` բնականաբար: Եւ, ի դեպ, համոզված եմ` Ադրբեջանի քաղաքական էլիտայի գիտակցության մեջ այլեւս չկա ԼՂ հարց: Նրանք այդ հարցը մեծ հաշվով լուծված են համարում այն պահից, երբ Ռ. Քոչարյանը բանակցային ֆորմատից փաստացի դուրս թողեց ԼՂ-ն»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ ինքը մարտի 1-ով է նախագահ դարձել, այսինքն` իրեն ոչ թե ժողովուրդն է նախագահ դարձրել, այլ Ռոբերտ Քոչարյանը` ուժային լծակները, կրիմինալը եւ ընտրակեղծիքների համակարգը գործի դնելով: Եթե իրեն դուր է գալիս այդ կարգավիճակը, եւ եթե այդքանից հետո համարում է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա` ի'ր որոշելիքն է: Բայց Կոնգրեսը պարտավոր է փորձել անցնցում իշխանափոխության բոլոր հնարավորությունները եւ, առաջին հերթին, իհարկե, «խաղաղ բանակցությունները»: Շատերը, իհարկե, դա ժամանակի ավելորդ կորուստ կհամարեն` այն իմաստով, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կձախողվեն, բայց մեծ հաշվով` ձախողումը նույնպես արդյունք է: Համենայն դեպս ինքներս մեզ համար կարձանագրենք, որ այս իշխանությունները փաստարկների լեզուն չեն հասկանում, միայն կոպիտ ուժն են ընդունում»:

«Հայոց Աշխարհ» թերթում կարդում ենք. - ««Այն, որ ՀԱԿ-ը այսօր հայտնվել է փակուղում, միանգամայն օրինաչափ է: Պարզվեց, որ սոցիալ-տնտեսական խնդիրների կամ Արցախի շուրջ զարգացումների հետեւանքով հանցավոր վարչախումբը չի ընկնում, եւ պետք է նպատակաուղղված գցել նրան: Բայց ինչպե՞ս: Դեպի Ժողովուրդ գնալու միջոցով դա անել նեոբոլշեւիկներն առանձնակի ցանկություն չունեն: Մանավանդ որ ժողովուրդն էլ en masse անհաջող դուրս եկավ, չի հասկանում իր առջեւ ծառացած հիմնախնդիրների էությունը, չի տեսնում, որ ազատությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, բոլոր այդ հիմնախնդիրները կլուծի»: «Անցնել հեղափոխական մեթոդների նեոբոլշեւիկները է'լ ավելի քիչ են ուզում, արտաքին ուժերը, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Վ.Ի.Լենինի պարագայում, բավականաչափ աջակցություն չեն ցուցաբերում», - հեգնում է թերթը:
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG