Մատչելիության հղումներ

ԳԱԱ նախագահի պաշտոնին առայժմ հավակնում են Ռադիկ Մարտիրոսյանն ու Լենսեր Աղալովյանը


Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) վաղը կայանալիք ընդհանուր ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ տեղի կունենան ակադեմիայի նախագահի ընտրությունները:

Ժողովին քվեարկության ձայնի իրավունքով մասնակցում են բոլոր ակադեմիկոսները, թղթակից անդամները եւ ԳԱԱ-ի ինստիտուտներից մեկական ներկայացուցիչ:

Նախագահի ընտրությունները տեղի են ունենում հինգ տարին մեկ: Թեկնածությունները, ըստ կանոնակարգի, առաջադրվում են ընդհանուր ժողովում:

5 տարի առաջ ԳԱԱ-ի նախագահ ընտրվեց ԵՊՀ-ի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա մրցակիցներն էին Լենսեր Աղալովյանը եւ էդվարդ Ղազարյանը:

Այս տարի, Մարտիրոսյանից զատ միայն Լենսեն Աղալովյանն է խոսել իր թեկնածությունն առաջադրելու մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում Աղալովյանն այսօր ասաց, որ անցած անգամ Ռադիկ Մարտիրոսյանի ընտրվելու հարցում բավական լուրջ դեր է խաղացել Հայաստանի այն ժամանակվա «իշխանությունների միջամտությունը»:

«Վերջին պահին իշխանությունները միջամտեցին եւ հանձնարարական տրվեց, որ այնպես անեն, որ անցնի Ռադիկ Մարտիրոսյանը», - հրաժարվելով անուններ տալ ասաց Աղալովյանը եւ շարունակեց. - «Ի պատիվ մեր իշխանությունների, մինչեւ այս պահը նրանք իրենց պահում են նեյտրալ: Բացարձակ ոչ ոք չի միտամտել»:

Խոսելով իր ծրագրերից` Աղալովյանը նշեց. - «Ակադեմիան կորցրել է իր հեղինակությունը մեր ժողովրդի մոտ, այն պետք է անպայման դառնա մեր ժողովրդի, մեր իշխանությունների համար մեկ խորհրդատուն»:

Այդ հեղինակության կորուստը Լենսեր Աղալովյանը պայմանավորեց «[ակադեմիայի] ղեկավարության ոչ վճռականությամբ»:

Ռադիկ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վաղը կարող են առաջադրվել մի շարք թեկնածություններ` հավելելով. - «Ենթադրում եմ, որ կլինի նաեւ իմ թեկնածությունը»:

Մարտիրոսյանը անցած հինգ տարիների ձեռքբերումների թվին է դասում ԳԱԱ-ի կառուցվածքային հիմքի վերականգնումը` թեմատիկ ֆինանսավորումից անցնելով բազային ֆինանսավորման, ուժերի կենտրոնացումը գիտության գերակա ուղղություններում, գիտաշխատողների թվի աճը` հիմնականում երիտասարդ գիտնականների հաշվին, ջեռուցման համակարգի վերականգնումը ԳԱԱ բոլոր ինստիտուտներում:

«Չի հաջողվել ամենից կարեւորը` արդիականացնել մեր գիտության ինֆրակառուցվածքը: Այսինքն` մեր գիտության հենքը, որը պահանջում է նոր սարքավորումներ, նոր տեխնոլոգիաներ, նոր գիտական ուղղություններ… Այս բոլորը պահանջում են մեծ գումարներ: Ցավոք սրտի, այդ գումարները մենք չենք կարողացել ստանալ ո'չ պետությունից, ո'չ էլ այլ աղբյուրներից», - նշեց նա:

Զրույցի վերջում Ռադիկ Մարտիրոսյանը փոխանցեց, որ հիմնարար գիտության արդյունքներով Հայաստանը տարածաշրջանում գրավում է առաջին տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG