Մատչելիության հղումներ

Բագրատ Ասատրյանը հիմնավորված չի համարում Էկոնոմիկայի նախարարի գնահատականները


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հիմնավորված չի համարում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գնահատականը, թե երկրի տնտեսության «հիմնական շարժիչ ուժն ու լոկոմոտիվը այս տարի լինելու է արդյունաբերությունը»:

Այդ մասին Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը` ի մի բերելով տնտեսության մեջ առաջին 5 ամիսներին արձանագրված արդյունքները:

«Մեր գնահատականներով` աճողական դինամիկան առաջին 5-6 ամիսների ընթացքում 10 տոկոսից ավելի է կազմում արդյունաբերության ոլորտում, իսկ մայիս ամսին ընդհանրապես նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ մենք ունենք 25 տոկոսի աճ», - ասել էր նախարարը` հավելելով, որ այդ աճն ամենեւին էլ հանքահումքային ոլորտի հաշվին չէ, որ աճել են նաեւ արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր` մեքենաշինությունը, թեթեւ արդյունաբերությունը, ակնագործությունը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բագրատ Ասատրյանը այս տարվա մայիսին անցած տարվա մայիսի համեմատ արդյունաբերությունը 25 տոկոս աճի վերաբերյալ ասաց հետեւյալը. - «Բայց արդյո՞ք համակարգային փոփոխությունների արդյունք, հետեւանք է սա: Արդյո՞ք տնտեսության եւ, մասնավորապես, արդյունաբերության մեջ կան այն դրսեւորումները, որոնք հույս են տալիս մտածելու եւ համոզված լինելու, որ իսկապես աճը կա, եւ արդյո՞ք այս աճը առաջիկայում եւս շարունակվելու է: Այստեղ ես իսկապես ունեմ անհանգստություններ»:

Ըստ տնտեսագետի` Հայաստանում ոչ մի էական տեղաշարժ տեղի չի ունեցել:

«Ներդրումային միջավայրը նույնն է մնացել, չինովնիկների կոռուպցիոն սխեմաները ոչ մեկը չի փոխել: Որեւէ մեկը թող մտնի մաքսատուն եւ գա ինձ ասի` արդյո՞ք այն պայմաններն են ստեղծված, որ ներկրումն ու արտահանումն ազատորեն իրականացվի: Բազմաթիվ հարցեր կան, որ լուծված չեն», - ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով` ներկայում հայաստանյան տնտեսության աշխուժացումը զգալիորեն կախված է միջազգային կոնյուկտուրայից. պղնձի համաշխարհային գները բարձր են, ինչն էլ դրական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության աշխուժացման վրա:

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությանը, որ արդյունաբերության աճը միայն հանքահումքային ոլորտով չի պայմանավորված, Բագրատ Ասատրյանն ասաց. - «Խոսվեց մեքենաշինության մասին, բայց դա ծիծեղելի է, որովհետեւ Հայաստանը այսօր մեքենաշինություն չունի: Նախկինում 0 է եղել, այս տարի մեկ կամ երկու հատ սարքավորում են արտադրել, իհարկե, այստեղ 100, նույնիսկ 200 տոկոս աճ կլինի»:

Իր ասուլիսի ընթացքում Տիգրան Դավթյանը խոսել էր նաեւ ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու կառավարության նախաձեռնության մասին: Այս տարվա մայիսին ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքով նախատեսում է նման գոտիների ստեղծում: Առայժմ հայտնի է, որ ազատ տնտեսական գոտիներ են ստեղծվելու «Զվարթնոց» օդանավակայանում, Երեւանի «Մարս» գործարանում եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Epygi Labs ընկերության հայաստանյան մասնաճյուղի հիման վրա: Ազատ տնտեսական գոտիներում գործող ընկերությունները պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկից, եկամտահարկից, շահութահարկից ու գույքահարկից:

Բագրատ Ասատրյան, դրական համարելով ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, միաժամանակ կասկած հայտնեց, որ այդ գոտիներից կկարողանա օգտվել նաեւ փոքր ու միջին բիզնեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG