Մատչելիության հղումներ

Ազարյան. «Առաջիկա ընտրությունները կտարբերվեն նախորդներից»


Քվեարկություն Երեւանում, արխիվային լուսանկար
Քվեարկություն Երեւանում, արխիվային լուսանկար
Երկուշաբթի օրը կայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստը: Այս հանձնաժողովի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14-ին:

Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով ԿԸՀ-ի անդամներին առաջարկում են ոչ թե խորհրդարանական կուսակցությունները, այլ Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը եւ Վճռաբեկ դատարանը: Հանձնաժողովի անդամներին հանրապետության նախագահին ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 10-ն է:

ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե դեմ չի լինի կրկին այդ պաշտոնում նշանակվելուն:

«Անկեղծ ասեմ՝ ես երեկ հայտնաբերեցի, որ նորից կարող եմ առաջարկներ անել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Ես ութ տարի է, ինչ փոփոխությունների առաջարկներ եմ ներկայացնում, եւ եթե կգա մի պահ, որ կհասկանամ, որ էլ չեմ կարող որեւէ նոր բան առաջարկել եւ եթե ինձ փորձեն նշանակել, ես կհրաժարվեմ», - ասաց Ազարյանը:

Մինչդեռ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Զոյա Թադեւոսյանը պատրաստվում էր ազատել աշխատասենյակը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թադեւոսյանը ասաց, որ թեեւ անցած տարիների ընթացքում իր մեկ դեմ ձայնը հանձնաժողովի մյուս յոթ անդամների կողմ ձայների դիմաց որեւէ բան չէր փոխում, բայց գոնե դեմ արտահայտվող կար:

«Այսօր ձեւավորվում է մի այնպիսի ինստիտուտ, որում հակասությունների հավանականությունը զրո է լինելու: Ես ավելի քան վստահ եմ, որ նոր հանձնաժողովը լինելու է միաձայն որոշումներ կայացնող: Տարաձայնությունները, հակասությունները արտահայտող չի լինելու, բոլորը միասին այո են ասելու», - ասաց Թադեւոսյանը:

Ազարյանը, սակայն, համոզված է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հաջորդ ընտրությունների համար քայլ առաջ են:

«Հանձնաժողովը ակտիվորեն ներգրվված է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, իսկ մեր ներգրավվածությունը ունի մի միտում, որ մենք ամեն առաջարկ արել ենք՝ ելնելով փորձից: Կարծում եմ՝ առաջիկա ընտրությունները էապես կտարբերվեն նախորդներից դրա կազմակերպման, անցկացման, հրապարակայնության ապահովման իմաստով», - կարծում է Ազարյանը:

ԱԺ-ը, հիշեցնենք, մերժեց Դաշնակցության առաջարկը` կրկնակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկությունից հետո հրապարակել ընտրական ցուցակներ: Գարեգին Ազարյանի փոխանցմամբ, այսպես թե այնպես, այդ ցուցակները գաղտնի չեն, եւ դրանք հրապարակելու իմաստ չկա:

Անդրադառնալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջարկին` որպես թափանցիկ ընտրությունների երաշխիք շեշտակիորեն ավելացնել միջազգային դիտորդների քանակը` 2000 ընտրական տեղամասերից յուրաքանչյուրում ապահովելով առնվազն մեկ դիտորդ` Գարեգին Ազարյանը ասաց, թե 2000 դիտորդ ուղարկելը նախ ռեալ չէ ֆինանսական տեսանկյունից:

«Միջազգային դիտորդները որքան շատ, այնքան լավ, բայց ես չեմ հասկանում, եթե մենք ունենանք 2000 դիտորդ, օրինակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, ինչո՞վ պիտի զբաղվեն այն կուսակցությունների վստահված անձինք, որոնք իրավունք ունեն ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովներում եւ ունեն շատ ավելի մեծ իրավունքներ, քան դիտորդները», - հավելեց Ազարյանը:

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Զոյա Թադեւոսյանը վստահ է, որ միջազգային դիտորդները պատկերացում չունեն ընտակեղծիքների գործող մեթոդների մասին եւ չեն կարողանում արձանագրել դրանք:

Նա համոզմունք հայտնեց, որ հաջորդ ընտրություններում այդ մեթոդները կատարելագործվելու են. - «Կասկած անգամ չունեմ… Ապահովվեց այն համակարգը, որ կնիք է դնելու տեղի ունեցածի վրա»:
please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG